Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/506

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

– Հետո բռնեցի՞ն...– հարցրեց տերտերը դողալով։

– Աստված ազատեց։ Մինչև ամրոցի դռները խորտակելը, մինչև նրանց ներս մտնելը, մելիքը ձորի կողմի աշտարակից պարանով ցած իջավ, մտավ թուփերի մեջ և անհայտացավ։ Էլ չկարողացան գտնել։

Տերտերը աչքերը դեպի երկինք դարձնելով, երեսը խաչակնքեց, ասելով.

– Փա՜ռք քեզ, աստված, փա՜ռք։

Գզիրը նույնպես հետևեց տեր հոր օրինակին, գտակը վեր առեց, և քեչալ գլուխը բաց անելով, միևնույն խոսքերը կրկնեց։ Հետո հարցրեց Վանի ապերից.

– Հիմա դու ո՞ւր ես այսպես շտապով գնում։

– Գնում եմ Չափնիս գյուղը, մելիքի որդի Մկրտումը այնտեղ է, գնում եմ նրան իմացում տալու, որ թաքնվի, խանի մարդիկը նրան էլ են պտռում։

– Ինչո՞ւ համար, ի՞նչ հանցանք ունեն,– հարցրեց ապշած քահանան։

– Ո՞վ է իմանում։ Մելիքի տան բոլոր դռները կնքեցին, ասում են, ինչ որ ունե, չունե, բոլորը պետք է «խանլղ» դարձնեն։ Թող աստված անիրավի պատիժը տա և մեզ ողորմություն անե․․․

Վերջին խոսքերը արտասանեց նա արտասվելով, հետո դարձավ դեպի Չափնիս գյուղի կողմը, սկսեց առաջվա նման վազել։ Քանի րոպեից հետո ծածկվեցավ ծառերի հետքում։

Տերտերը և գզիրը շվարած կերպով նայում էին միմյանց երեսին, չգիտեին շարունակե՞լ իրանց ճանապարհը, թե՞ ետ դառնալ։

– Պետք է գնալ,– ասաց գզիրը,– այդ նամակը առանց ուշացնելու պետք է տեղ հասցնել։ Կարելի է մելիքը այդ բոլոր դժբախտությունները նախատեսում էր, և հենց դրանց մասին էլ գրած լինի իր նամակը։

– Պետք է նամակը հասցնել,– մեքենաբար կրկնեց տերտերը և քշեց իր ձին։

ԼԱ

Ընդունելով մելիք Ֆրանգյուլի նամակը, Թորոս իշխանը քահանայից հարկավոր հարցուփորձը անելուց հետո, հրամայեց նրան և գզիրին պահել մի առանձին վրանում, մինչև ինքը իր