Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/519

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բնակության համար, վանքի ստորոտում, մեր վերևում նկարագրած այրը։ Կարծես մի առանձին գաղտնիք կապել էր այդ խորհրդավոր մարդուն իր ճգնարանի հետ, կարծես մի խորին պատճառ թույլ չէր տալիս հեռանալ նրան բռնակալի ամառանոցի մերձակայքից։

Ինչ էլ որ լներ այդ գաղտնիքը, մենք թողնում ենք այժմ նրա վրա խոսելը, միայն այսքանը կասենք, որ պարսիկ դերվիշը և հայ ճգնավորը շատ չեն զանազանվում միմյանցից։ Երկուսն էլ աշխարհի հոգսերից, աշխարհի վայելչություններից հրաժարված մարդիկ են, երկուսն էլ թողած իրական կյանքի պետքերը, անձնատուր են լինում վերացական գաղափարների, զվարճանում են երևակայական հոգեզմայլություններով։ Բայց այդ դերվիշի մեջ նկատվում էր մի բան, որ ավելի իրական էր, որ ավելի ձգտում էր դեպի մարդկային բարին, թեև նա ամենայն զգուշությամբ աշխատում էր ծածկել...

Ստանալով խանի հրավերը, նա վեր առեց իր ահագին, կոճղնավոր գավազանը, որ սովորաբար կրում են իր դասակարգի մարդիկը, և դիմեց դեպի ամառանոցը։ Նա իր այրի դուռը չկողպեց, որովհետև այնտեղ գողանալու ոչինչ չկար, իր ամբողջ կայքը նա իր վրա կրած ուներ.– սպիտակ շապիկը, վագրի մորթին, տերողորմյաները և հովվի մախաղը,– այդ էր նրա հարստությունը։ Գլխին գտակ չուներ, թաղիքի նման խճճված մազերը գլխարկի տեղ էին ծառայում։ Ոտները զուրկ էին հողաթափներից։

Նա անցավ վանքի ավերակների մոտից։ Մի օր առաջ հայ գյուղացիները հավաքված այնտեղ, կրոնական հանդես էին կատարում։ Իսկ այսօր ամբողջ տարածությունը ծածկված էր զինված ձիավորներով։

Արշալույսը դեռ նոր էր սկսել շառագունիլ։ Օդը լցված էր եղևնիների անտառի թարմ անուշահոտությամբ։ Թռչունները կատարում էին իրանց վաղորդյան օրհներգությունը լույսի արարիչին։ Իսկ մարդիկ պատրաստվում էին արյուն թափելու։ Դերվիշը նայեց այդ աղետալի տեսարանի վրա և տխուր մտախոհությամբ անցավ։

Մտնելով ամառանոցը, դերվիշին տարան խանի դահլիճը։ Նա գտավ խանին միայնակ, բոլորովին զինված, պատերազմական հագուստով։ Երբ ներս մտավ նա, խանը հարգանքով ոտքի ելավ և ողջունեց նրա գալուստը։ Դերվիշը մոտեցավ, և առանց սպասելու, որ իրան նստելու տեղ ցույց տան, անփույթ կերպով բազմեցավ նույն փառավոր օթոցի վրա, ուր առաջ նստած էր խանը։ Դերվիշը,