այդ չքավոր մերկիմառտակը, միակ մարդն է մահմեդական հասարակության մեջ, որի բոբիկ, փոշոտ ոտները համարձակ կերպով կոխում են իշխանների թանկագին գորգերը։
– Ես ձեզ, հայրիկ, այսպես վաղ առավոտյան նեղություն տվի մի քանի հարցմունքների համար,– խոսեց խանը ակնածությամբ։– Ես շատ անգամ լսել եմ ձեզանից իմաստուն խոսքեր, շատ անգամ ձեր բարի խորհուրդներով օգնել եք ինձ։ Հուսով եմ, որ այժմ, երբ ավելի կարոտություն ունեմ ձեր խրատներին, դուք ինձ կտաք իմ ցանկացած տեղեկությունները։
– Ամեն տեղեկությունները, ամեն գաղտնիքները աստուծո մոտ են, պատասխանեց դերվիշը.– ինչ որ ամենագետը կազդե ինձ, ես կհաղորղեմ ձեզ։
– Շնորհակալ եմ,– ասաց խանը, և դառնալով դեպի սպասավորը, հրամայեց․
– Հայրիկի համար մի ղահվե։
Այդ միջոցին խանին կից սենյակից կանչեցին։ Նա վերկացավ, գնաց, դերվիշին ասելով.
– Մինչև դուք կվայելեք ձեր դահվեն, ես կվերադառնամ։
Սպասավորը նույնպես հեռացավ ղահվե պատրաստելու, հայրիկը մնաց դահլիճում միայնակ։ Նա աչք ածեց օթոցի վրա, ուր առաջ նստած էր խանը, տեսավ այնտեղ զանազան թղթեր, նամակներ, որ նոր էին ստացված։ Հետաքրքրությամբ վեր առեց նրանցից մեկը, և հայրիկի վարժ աչքերը արագությամբ վազեցին տողերի վրա։ Նամակը գրված էր Թորոս իշխանի բանակից, մելիք Ֆրանգյուլի ձեռքով, որին հայրիկը լավ ճանաչում էր, և վերջանում էր այս խոսքերով. «Աստծուն փառք տալով, ավարտում եմ իմ ձեզ հաղորդած տեղեկությունները. մեր նպատակները գեղեցիկ կերպով կատարվեցան... ամեն ինչ կարգադրվեցավ այնպես, որպես դուք և ես ցանկանում էինք...»
Մի աղոտ մռայլ անցավ դրեվիշի առանց դրան ևս գորշ դեմքի վրա. նամակը դրեց իր տեղը, երբ լսելի եղավ նախասենյակից սպասավորի ոտնաձայնը։
Սպասավորը ներս բերեց մի ֆինջան դառն ղահվե առանց շաքարի, մատուց դերվիշին։
– Լավ եք պատրաստել, օրհնյալ լինիք, – ասաց նա փոքր–ինչ ճաշակելով․– բավական դառն է և թանձր, այդ ես սիրում եմ։ Բայց դուք գիտեք իմ սովորությունը, զավակս, որ ղահվեից հեաո անմիջապես ղեյլան եմ ծխում։