Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց դրա համար ժողովրդի մեջ բավական կյանք և բարոյական ուժ է հարկավոր։ Այդ ժամանակներում (և մինչև այսօր Պարսկաստանի մեջ), ժողովուրդը այն աստիճան մեռած էր, որ սովորական իրերի կարգն էր անցել այն զրույցը, թե «հասիր կգցեմ բողազս, կգնամ խանի դռանը ինձ կայրեմ․․․»։ Դա հարստահարված գյուղացու վերջին հուսահատական խոսքն էր, երբ կամենում էր, որ իր ցավերի վրա ուշադրություն դարձնեին։ Լուկրեցիան խենջարը ցցելով իր կուրծքի մեջ, անձնասպան եղավ և իր մահվամբ բողոքեց անբարոյական Հռոմի դեմ։ Իսկ հայ գյուղացին մահմեդական իշխանի դռանը իրան այրելով, բողոքում էր տիրող բռնության դեմ։

– Այդ բանից վատ հոտ է գալիս.․.– ասաց մելիք Ֆրանգյուլը դառնալով մելիք Դավիթին, երբ նրանց աչքին ընկավ սոսկալի տեսարանը։

Մելիք Դավիթը ոչինչ չպատասխանեց։ Նա մտածում էր այն բանի վրա, թե ի՞նչ տպավորություն կունենա այդ անցքը խանի վրա։ Նա պատրաստում էր պատասխան նրա համար։ Իր մտքում հարյուրավոր պատճառներ էր հնարում, հարյուրավոր փաստեր էր ստեղծում իրան արդարացնելու համար, երբ խանը բացատրություն կպահանջեր նրանից սարսափելի անցքի մասին։ Իսկ մելիք Ֆրանգյուլին տանջում էր մի այլ միտք։ Նա երկյուղ ուներ, որ գյուղացիների ինքնասպանությունը գուցե կշարժեր խանի մարդասիրական զգացմունքը և դրանով կդժվարանար իրանց դիտավորությունը՝ հայ գերիների վաճառումը կամ իսպառ խափանելու կամ հետաձգելու մասին։ Այդ նպատակով նրանք դիմում էին խանին, որ արգելեն հայ գերիների վաճառումը, և Թորոս իշխանին ձեռնաթափ հետ դարձնեն, որը այսօր գալու էր գերիներին գնելու։ Իսկ այդ անիծված գյուղացիները վատ ժամանակ ընտրեցին իրանց այրելու։ Այսօր պետք էր խանի անգթությունը իր գազանային բորբոքման մեջ պահել։ Իսկ այդ անիծված գյուղացիները փոքր-ինչ մեղմացրին նրա բարբարոսությունը։ Ո՞ւմ սիրտը չի ցավի, տեսնելով երեխաներին և կնիկներին կրակի բոցերի մեջ... Այսպես էր մտածում մելիք Ֆրանգյուլը, երբ նրանք հասան խանի վրանի մոտ։

Խանը դեռ կանգնած էր իր վրանի առջև և նայում էր, թե որպես մի քանի հրեաներ երկաթե կարթերով, շան գեշերի նման, քարշ էին տալիս կիսախորով դիակները, տանում էին հեռու, ձգում էին մի փոսի մեջ և ծածկում էին հողով։ Մահմեդականները