Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խանը Ստեփաննոսին սպանել կտար։ Խանը նրա սիրուհուն՝ Սյուրիին խեղդել կտար կամ խայտառակությամբ դուրս կձգեր իր հարեմից։ Այդ բոլորը անտարակույս կաներ խանը։ Բայց ի՞նշ կշահեր մելիք Դավիթը,— ահա այդ հարցը տանջում էր նրան։ Սյուրիի անհավատարմությունը պետք է պատճառ դառնար նրա հորը կորցնել իր բոլոր նշանակությունը խանի աչքում։ Եթե այժմ թե՛ հայ և թե՛ մահմեդական հասարակությունների մեջ համարում և ազդեցություն ուներ նա, դրանցով պարտական էր իր աղջկանը, որ խանի առաջին կինն էր։ Բայց երբ Սյուրին այլևս չէր լինի, այնուհետև ո՞վ մարդու տեղ կդներ տաթևացի ուրացողին։ Այժմ նրան թեև սրտով չէին հարգում, բայց նրանից վախենում էին, որովհետև խանի նման մի հզոր փեսա ուներ։ Բայց երբ նրա բոլոր կապերը կքանդվեին խանի հետ, այն օրից նա կընկներ, այն օրից նա կկորցնի բոլորը։ Թեև Սյուրին ոչ մի ժամանակ չէր օգնել նրա չար նպատակներին, թեև նա միշտ հակառակել էր հոր եղեռնական դիտավորություններին, բայց այդ գիտեր հայրը միայն, դրսից այլապես էին նայում գործերի վրա։ Դրսից այնպես էին կարծում, թե մելիք Դավիթը իր աղջկա միջնորդությամբ խանի խելքը, միտքը և սիրտը իր ձեռքումն ունի։ Ինչո՞ւ չշահվել միամիտների այդ երևութական կարծիքից։ Ինչո՞ւ իր ձեռքով ոչնչացնել իր բախտը.․․

Խաբեության սովորությունը զսպեց չարագործին հարազատ աղջկան մատնելու ցանկությունից, ոչ թե նրա կյանքը և պատիվը խնայելու մտքով, այլ իր կարծիքական բարեկամությունը խանի ընտանիքի հետ պահպանելու համար։

— Այդ պարսիկների խոսքերին ամենևին հավատալ չէ կարելի։— ասաց մելիք Ֆրանգյուլը տհաճությամբ, ընդհատելով իրանց մեջ տիրող լռությունը։

— Պարսիկները մեղավոր չեն,— պատասխանեց մելիք Դավիթը սառնությամբ,— մեղավորը մենք ենք, որ չգիտենք իր ժամանակին ցանել, որ կարողանանք նույնպես իր ժամանակին պտուղ ստանալ։ Սուտ չէ ասած, թե «հայի վերջին խելքն է գովելի», որովհետև գործի սկզբում նա խելք չունի։ Այսպես էլ վարվեցանք մենք։ Թորոս իշխանը առաջուց իր պատվիրակների ձեռքով ամեն ինչ խոսում է, ամեն պայմաններ վերջացնում է խանի հետ, իսկ մենք հետո ենք իմանում, և հետո ենք աշխատում նրա արդեն եփած ապուրի մեջ սառն ջուր խառնել։ Այսպիսի հիմարությունները խիստ սակավ անգամ են հաջողություն գտնում։