Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տեղացիք հավատում են, թե Սիփան լեռան մեջ թաքնված է մի կախարդված քաղաք, որի մուտքը փակած է երկաթե դռներով, թե նա ունի յուր թագավորը և մեծ գետ է հոսում քաղաքի միջով և այլն: Առհասարակ Սիփանը տեղացի բնակչաց Օլիմպոսն է, որի հետ սերտ կապված է ժողովրդի սիրտը, որի մասին նրա երևակայությունը ստեղծել է շատ և շատ ավանդություններ, որք այնքան բանաստեղծական և վառուն են, որպես մի լեռնաբնակ ժողովրդի հոգին:

Խիստ ազդու է մի աղջկա երգ, որին մի պատանի փախցնելով, Սիփանա սարն է բերում: Մանկահասակ սիրահարները երեք օր մնում են այնտեղ, մի բան չեն գտնում ուտելու, նրանք ապրում են միայն սիրով: Վերջապես քաղցը ստիպեցնում է պատանուն որսալ մի եղնիկ, նրա հրացանի գնդակը դիպչում է, արյունը սկսում է հոսիլ, իսկ կիսաշունչ անասունը դեռ շարունակում է փախչել: Պատանին վազում է նրա հետքից և գլորվում է բարձր քարաժայռից դեպի ցած… Աղջիկը այսպես է երգում նրա մահը, կշտամբելով միևնույն ժամանակ յուր սիրելվո խստասրտությունը.

Ինչու մինակ ելավ որսի,
Ինչու զարկավ եղնիկին.
Գուցե նա ալ սիրական մ’ուներ
Այս վայրերուն մեջ մեզ պես:
Ահա սիրո աստվածը արդար
Ու վաղահաս ըրավ յուր դատաստանը…

Երգը վերջանում է հետագա խոսքերով.

Թե «Ինքը նրա համար ելավ սարը, նրա համար... և նրա հետ պիտի մեռնի...»

Վերջին խոսքերի հետ աղջիկն էլ իրան գահավիժում է ժայռի բարձրությունից…

* *
*

Առհասարակ խոսելով Գ. վ. Սրվանձտյանցի գրքույկի մասին, թեև նա անկապ կերպով գրված է, թեև նա շատ անգամ մի մտքից մյուսն է թռչում, այսուամենայնիվ, մենք համարում ենք նրան մի օգտավետ աշխատություն, որ ընծայում է հնագիտական առատ և անմշակ նյութեր: Ցանկայի կլիներ, Հայաստանի ամեն մի գավառի