Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ումի՞ց։

— Ամբողջ հայ հասարակությունից…

Դիցուք թե երիտասարդը հանցավոր էր այս դեպքի մեջ, դիցուք թե բոլորովին ճշմարիտ լիներ նրա վերա դրած զրպարտությունը, բայց ինչո՞վ են մեղավոր թավրիժեցի հայերը։ — Այս հարցը խավարասեր մահմեդականի համար ոչինչ նշանակություն չունի, բավական է, որ նա մի հաջող միջոց է գտել յուր վրեժխնդրությունը թափելու մի քրիստոնյա հասարակության վերա, որի գոյությունը այնքան տանելի չէ նրան...

Քաղաքիս սահաբդիվանը (դիվանի պետը) վերջին օրերումս պատասխանել է թուրքերին` եթե հաստատվի երիտասարդի վերա հանցանքը, ինքը պատրաստ է նրան գլխատել տալ, միայն հայոց հասարակությունը անպարտ կմնա այս գործի մեջ։ Այս խոսքը դարձյալ չխաղաղեց թուրքերի կատաղությունը։ Ցավալին այն է, որ գահաժառանգ իշխանը քաղաքումս չէ, գտնվում է ամառանոցում, նորին բարձրության ներկայությունը կարող էր զսպել ապստամբությունը։

Թե ինչով կվերջանա խռովությունը, ոչինչ նախագուշակել կարող չեմ, միմիայն այսքանը կասեմ, որ ներկա դարումս պատահած մի այսպիսի անկարգություն հավիտենական բիծ կդնե մի պետության վերա, ուր իրավունքը և արդարությունը բռնաբարվում է կույր և հալածասեր ամբոխի մոլեռանդությունից…

Մինչև ե՞րբ....

ՆԱՄԱԿ ԴԱՎՐԵԺԻՑ

Հուլիսի 15-ին

Խոսելով հայերի նշանակության մասին Ասիայի մեջ, շատ անգամ հայտնված է եղել մի այսպիսի միտք թե հայերին վիճակված է գիտություն և լուսավորություն տարածել արևելքում, թե քաղաքակրթությունը պետք է նրանց առաջնորդությամբ մուտք գործե մահմեդական Ասիայում։ Մի այսպիսի ինքնահավան կարծիքը շատերին կարող է ծիծաղելի երևնալ, եթե ի նկատի չառնվի ամենամոտ անցյալը և այն դերը, որ հայերը ներկայումս խաղում են Տաճկաստանի և Պարսկաստանի մեջ։ Բերենք մի քանի օրինակներ։