Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շահի և Սուլթանի արքունիքը միշտ ունեցել են իրանց դռանը մեծամեծ պաշտոնակալներ, որոնց ձեռքումն է եղել պետության ամենագլխավոր գործերի վարչությունը, որոնք համաձայն եվրոպական քաղաքագիտության ուղղություն են տվել կառավարության վերանորոգություններին, որքան կարելի է, հեռացնելով այն հին ձևերը, որոնք բռնաբարում էին իրավունքը և արդարությունը։ Պետության ֆինանսական վիճակը կախված է եղել հայ սարաֆների ձեռնտվությունից, դպրոցների մեջ եվրոպական գիտությունների առաջին վարժապետներն են եղել հայերը. դեսպանախոսական հարաբերությանց մեջ թարգմաններ եղել են հայերը, և հայոց թատրոնից առաջին անգամ լսելի է եղել բեմական խոսքը, և մամուլը հայկական տառերով և տաճկաց լեզվով աշխատել է ծանոթացնել մահմեդականներին լուսավոր աշխարհի մտածությանց և գաղափարների հետ։

Թողնենք այդ ընդհանուր տեսությունը, անցնենք դեպի մասնավորը. խոսքս Պարսկաստանի Դավրեժ քաղաքի մասին է։

Դավրեժը թե՛ յուր բազմամարդությամբ և թե՛ առևտրական ընդարձակությամբ, առաջին տեղն է բռնում ամբողջ Իրանի մեջ։ Խիստ հաճախ հարաբերություններն օտարների հետ վաղօրոք զգալ տվին քաղաքիս մտածող մասին եվրոպական կրթության կարևորությունը, և մի քանի տարի առաջ Դավրեժի մեջ սկսեցին հիմնել մի դպրոց։ Մոլլաների դասը (որպես սպասելի էր) ընդհանուր կատաղությամբ ընդդեմ կացան դպրոցի հիմնարկությանը, համարելով նրան վնասակար, կրոնքի և օրենքի հակառակ։ Մեծ մուշտայիդը ամբիոնից քարոզ էր կարդում` թե Իսլամի որդիքը, ֆրանգների (եվրոպացիների) լեզուն և գիտությունը սովորելով, քաֆիրներ (անհավատներ) կդառնան, և երբ նրանց մահից հետո աստուծո հրեշտակները կգան հարցնելու Իսլամի հավատո հանգանակը, նրանք կպատասխանեն ֆրանգի լեզվով, և հրեշտակները նրանց լեզուն չհասկանալով, և կարծելով թե նրանք ֆրանգներ են, կփակեն նրանց առջև դրախտի դռները, և բոլորին կտանեն դժոխքը…[1]

Մի այսպիսի քարոզը բավական էր գրգռելու մահմեդականների մոլեռանդությունը, խլելով նրանցից հոժարություն իրանց որդիքը եվրոպական կազմակերպությամբ մի դպրոց ուղարկելու։

  1. Մահմեդականների կարծիքով թե՝ աստված և թե՝ նրա հրեշտակները բոլորը խոսում են արաբերեն լեզվով, և վերջին հարցուփորձր մի մեոանոզից նրա դավանության մասին լինելու է նույն լեզվով, ոչ մի այլ լեզվով խոսակցություն ընդունված չէ երկնքում։