Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տակ ճիչով ու աղմուկով նահանջում է հինը՝ նահապետականն ու ֆեոդալականը, երբ հինը քայքայվում է և նորը դեռ լիակատար տեր չի դարձել, երբ հասարակական զանազան ինստիտուտներ պայքարի մեջ փոխում են իրենց հիմքերը, երբ դարաշրջանն առաջ է բերում կապիտալիզմի զարգացման հիմքի վրա ազգերի, նաև հայ ժողովրդի ազգային միավորման հարցը․ նրա տարբեր հատվածները մերձեցնելու, միավորելու ծանր, դժվարին պրոբլեմը։ Րաֆֆին վերցնում է իր վրա թվարկածս բոլոր երևույթների ու խնդիրների արտացոլման միսիան։ Նա զգում, նույնիսկ անհրաժեշտ է համարում իր առաջ կանգնած դժվար հարցերի տեսական փիլիսոփայական մեկնաբանությունը գտնել, որոնել կեցության բացատրությունը փիլիսոփայության մեջ։ 1870-ական թվականներին նա գրում է «Մարդը գոյության կռվի մեջ» տեսական աշխատությունը։ Որպես աղբյուր նրան ծառայում է ռուս հայտնի գիտնական Իլ. Մեչնիկովը, հենվում է Դարվինի ուսմունքի վրա։ Գոյության կռիվը բնության մեջ և օրգանիզմների աշխարհում, Րաֆֆին, հետևելով Դարվինին, բացատրում է բնագիտական մատերիալիզմի դիրքերից։

Րաֆֆին Դարվինի ուսմունքը, Դարվինի նման, տարածում է նաև մարդկային հասարակության վրա։ Բայց նա գիտե, որ մարդը հասարակական, ընկերական էակ է, այդ իսկ պայմանն ինքնըստինքյան արդեն չափազանց բարդում և բաղադրյալ է անում որպես նրա կյանքը, նույնպես և նրա կենսական պետքերը․․․»։ Հետագա շարադրության մեջ որոշակի երևում են հրապարակախոսին մտատանջող հարցերը, որոնց մեկնաբանության տեսական բանալին նա որոնում է զանազան տիպի փիլիսոփաների մոտ։ Մրցության օրենքը նա հայտարարում է համընդհանուր օրենք հասարակության, ազգերի ու անհատների միջև, նա «բացում» է իբր բնական անհավասարության «օրինաչափությունը» ցեղերի, ազգերի ու ժողովուրդների մեջ, որի հետևանքով առաջ են գալիս հաղթողներ ու հաղթվածներ։ Գործնականորեն Րաֆֆու բերանում այս նշանակում է, թե կան ազգեր, որոնք փոխվելու և զարգանալու ընդունակ չեն, թե նրանց բնավորությունը նույնը կմնա, թե օրինակ, թուրքը, քուրդը, պարսիկը կարող են լուսավորվել, բայց իրենց էությունը չեն փոխի։ Դարձյալ նացիոնալիստական ու իդեալիստական է Րաֆֆու այն տեսակետը, երբ նա ազգային բնավորության ետևում, տեսնելով ազգի տարբեր դասերին ու դասակարգերին, չի տեսնում նրանց միջև ընթացող դասակարգային կռիվը։ Մրցության օրենքը ծանր հետևանքներ է ունենում.— «դրամատերը հարստահարում էր աղքատին, խելացին անխելքին, զորավորը տկարին և նա ավելի նպաստում էր արտոնատերերին, կալվածատերերին, և վերջապես դառնում էր զանազան հարստահարիչների ձեռքում մի կեղտոտ գործիք»,— գրում է Րաֆֆին։ Բայց հենց այս հոյակապ դիտողությունն անող հրապարակախոսը ազգային միավորման տեսակետը գերադասում էր դասակարգային պայքարի տեսակետից։ Միայն կյանքի վերջում, «Խազփուշներում» և այլ երկերում նա ընդունում է սոցիալական պայքարի փաստը, թեև մինչև այդ այս ու այն ձևով ու տարերայնորեն նա նկատել է տալիս հասարակությունների ներքին կյանքում արտահայտվող դասակարգային պոռթկումների երևույթը։ Րաֆֆին, ի վերջո, հայտարարում է, որ «որևիցե որոշ վճիռ մեր հետազոտած հարցի մասին տալ չենք կարող, կթողնենք ընթերցողին իրան մտածեք»։ Նա դժվարանում է որևէ որոշակի փիլիսոփայական սիստեմ ընդունել, երևի անբավարար մնալով