Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են 60 աշակերտներ, ստանալով շաբաթական 2 կռան փող, հագուստ, գիրք և բոլոր ուսման պարագայքը: Ամերիկացի միսիոնարների օրինակը գրավեց այնտեղ և երկու կաթոլիկ քահանաներ, որոնք հինգ մայրապետների հետ, բույն դնելով Թեհրանում, միտք ունեն օրիորդաց ուսումնարան հիմնել հայերի մեջ:

Բայց Թեհրանում գտնվեցան մի քանի եռանդոտ երիտասարդներ, որոնք տեսնելով ազգի կորուստը, հորինեցին մի ընկերություն. Հայկազնյան կոչված, և հիմնեցին նույն անունով մի դպրոց, որ ունի այժմ մինչև 40 աշակերտներ: Դպրոցը կառավարվում է բարերարների մասնավոր նվիրատվությամբ, բացի դորանից ստանում է Պարսից կառավարությունից տարեկան 200 թուման օժանդակություն: Դպրոցի աշակերտները, բացի նորանից, որ ձրիվարժ են, ունեն նաև գրադարան, որ ծառայում է որպես հասարակաց ընթերցարան: Թեհրանի երիտասարդության գործը գովելի է և այն կողմից, որ փոխանակ զանազան միջոցներով աշխատել է օտարերկրյա քարոզիչներին դուրս հալածել իրանց միջից, նրանք սկսել են ազատ կերպով մրցություն անել, որը միակ և ուղիղ ճանապարհն է հայ հասարակության մեջ կրոնափոխության առաջն առնելու: Թեհրանը ունի երկու հայոց եկեղեցի:

Մեր հաղորդած վերոհիշյալ տեղեկություններից ընթերցողը կտեսնի, թե որպես կրոնափոխությունը արագ քայլերով, օտարերկրյա քարոզիչների ձեռքով, առաջ է գնում հայերի մեջ: Այս երևույթի գլխավոր պատճառն է ժողովրդի չքավորությունը, որ յուր ապրուստի համար վաճառում է ամեն ինչ, որքան և նվիրական և սրբազան լիներ յուր համար: Իսկ բողոքական և կաթոլիկ քարոզիչները հայտնվում են Պարսկաստանում ահագին գումարներով: Մի երկրորդ ամենագլխավոր պատճառը մենք վերաբերում ենք տեղային հայոց հոգևոր կառավարության անհոգությանը և նրա անկարգությանը: Թողնենք մյուս եկեղեցական հաստատությունները, այսքանը բավական է հիշել, որ Սպահանա առաջնորդական վիճակը պարունակում է յուր մեջ, բացի վերոգրյալ քաղաքների և գավառների հայ ժողովուրդը, նաև Հնդկաստանի հայերը: Թե՛ Հնդկաստանի հայերը և թե՛ Պարսկաստանի հայերը իրանց սեփական քահանա չունեն: Սպահանա առաջնորդն ուղարկում է ամեն կողմ քահանաներ երկու կամ երեք տարվա պաշտոնով: Կնշանակե, Հնդկաստանի և Պարսկաստանի բոլոր հայ ժողովուրդը Սպահանա քահանաների ղևտական ժառանգությունն են: Մի քահանա Սպահանից դուրս գալով, մի և երկու ամսվա ճանապարհ