Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ավելի նուրբ և գեղեցիկ է, բայց ամրության և գույների դիմացկունության կողմից, շատ ետ են մնում Խորասանի խալիներից։

Պարսկաստանի շալերը թեև ավելի դիմացկուն են, բայց մինչև այսօր չհասան այն կատարելության, որ ունենային Կաշմիրի և Լահորի շալերի նրբությունը, փափկությունը և գեղեցկությունը, այդ պատճառավ և արժողության մեջ շատ ետ են մնացել։ Շալերի ամենալավ տեսակները գործվում են Մեշեդ քաղաքում։

Սինայի և Սակզի կողմերում գործում են շատ գեղեցիկ կապերտներ։

ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

Ասում են... Պարսկաստանը ունի մոտ 70 ֆովջ (զորագունդ), ամեն մի ֆովջը բաղկացած է 800 զինվորից, ուրեմն ամբողջ զինվորների թիվը կազմում է 56.000։ Յուրաքանչյուր զինվոր ստանում է տարեկան 5 թուման ռոճիկ, այսինքն` օրական 4 կոպեկ, այն ևս այն ժամանակ, երբ զինվորը գնում է մարտի. իսկ զինվորը տանը նստած ժամանակ ոչինչ չի ստանում։

Պարսկաստանը պատերազմներ չէ վարում. ուրեմն զինվորը կարող է միշտ տանը մնալ, և այս չորս կոպեկ թոշակից զրկվել։ Միայն մի քաղաքական նպատակ առիթ է տալիս կառավարությանը զինվորը տեղափոխել մի նահանգից դեպի մյուսը. Ատրպատականից դեպի Արաղստան, Արաղստանից դեպի Խորասան, այնտեղից դեպի Սպահան և այլն։ Դա կոչվում է սաֆար։ Այդ ժամանակ միայն զինվորը իրավունք ունի ստանալու օրական 4 կոպեկ։ Բայց դժբախտ կոպեկը սկսած միֆանջից (գնդապետ) մինչև վերջին դահ-բաշին (տասնապետ) հասնելը ձեռքից-ձեռք աստիճանաբար իջնելով, մնում է երկու կոպեկ, այդ վերջինը ստանում է զինվորը։

Բայց նա ինչո՞վ է ապրում։

Նա ապրում է...

Ճանապարհներում մրգավաճառների քարավաններ են անցնում։ Սարվազը (զինվորը) պատրաստ է կողոպտել. նա անցնում է այգիների, բոստանների մոտից, հափշտակում է. ճանապարհի վրա հունձքի արտերը զրկվում են իրանց բերքից, և ճանապարհորդ-քարավանները չեն համարձակվում ուղի ելանել, երբ լսում են