Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ավելի բնական ճշմարտությունների վերա։ Դոցա հետևողները գտնվում են ժողովրդի ավելի զարգացած դասի մեջ։

Նյութապաշտությունը կամ այլ խոսքով բնապաշտությունը մարդու սկզբնական և վերջնական դավանությունն է։ Նա իր տղայության մեջ, հրապուրվելով բնության ազդու երևույթներով, աստվածացնում է նորանց և պաշտում է որպես կույր հավատացող, իսկ յուր զարգացման աստիճանին հասնելով, պաշտում է նորանց որպես փիլիսոփա։ Բայց ոգիներին կամ աներևույթ էակներին երկրպագություն տալը հիշյալ երկու ծայրերի միջասահմանն է։

Բայց մի աղանդ, որ ավելի ուժ և զորություն է ստացել, չնայելով այն հալածանքներին, որ մինչև անգամ ինկվիզիցիան չի ունեցել իր զոհերի վերա, — է բաբիների աղանդը։ Նորա հետևողներն ամեն քաղաքներում բազմացել են և ժողովրդի ավելի մտածող և ընդունակ մասն են կազմում։ Զանդիանի սարսափելի կոտորածից հետո` այս աղանդը առժամանակ լռեց և թաքուստի մեջ էր պահվում, բայց այս օրերում նա յուր դրոշը կրկին բարձրացրեց Դավրեժ քաղաքում։

Քաղաքի նշանավոր մեջիդներից մեկի դռան վերա, որտեղից իսլամի մեծ մուշտայիդը (հոգևոր գլուխը) ամեն օր անցնում էր նույն մեջիդում իր նամազը կատարելու, կպցրած էր մի հայտարարություն. նորա պարունակությունը խիստ վստահ և վճռական էր։ Բաբիները հայտնում էին, թե յուրյանց աղանդի գլխավոր հեղինակը (մոլլա Մամադալի զանգիանցին, որին պարսիկները 22 տարի առաջ նահատակեցին Դավրեժ քաղաքում) այժմ կենդանի է. նա արդեն հարություն էր առած այն ժամանակ, երբ պարսիկները կարծում էին, թե սպանեցին նորան. թե նա գտնվում է այժմ Աքքա քաղաքում և այնտեղից ուղարկում է հավատացյալներին յուր հրահանգները. թե այժմ բարիների հասարակությունը պահանջում է, որ իրանք թույլտվություն ստանան ազատ և առանց արգելքի պաշտել յուրյանց կրոնքը, և այդ սպասում են իսլամի մեծ մուշտայիդից. իսկ հակառակ դեպքում ոչ միայն մուշտայիդի կյանքը ենթարկված կլինի մահվան, այլև իրանք արդեն պատրաստ ունին 10.000 զինյալ տղամարդիկ, որոնք յուրյանց սրով և արյունով պետք է գնեն բաբիության ազատությունը։

Այս հայտարարությունը բոլորովին սարսափի մեջ գցեց քաղաքը. մուշտայիդը մի քանի օր դադարեց մեջիդը գնալուց, այնուհետև նա դուրս էր գալիս շրջապատված զինյալ մարդկանցով։ Բայց թե ինչո՞վ կվերջանա այս խռովությունը, դեռ հայտնի չէ։