Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մինը հայհոյանք է տալիս մյուսի վաղուց մեռած հորը, իսկ երկրորդը փոխադարձաբար հայհոյում է առաջինի հորը, որ նույնպես մեռած էր։ Մեռելներին հայհոյելը Պարսկաստանում ավելի մեծ հանցանք է համարվում, քան կենդանիներին, բայց բանը նորանումն է, որ մեկի հայրը վախճանվել է, որպես ուղղափառ կաթոլիկ, մյուսի հայրը որպես հերետիկոս-նեստորական։ Կաթոլիկի որդին արդարանում է, որովհետև նա մեղք չէ գործել մի հերետիկոս հայհոյելով, իսկ հերետիկոսի որդին դատապարտվում է, որովհետև նա իրավունք չուներ չար խոսիլ մի ուղղափառ հանգուցելո դեմ։

Ահա այս գյուղի ժողովուրդն է, որ կազմում է Թիֆլիս քաղաքի թուլուղչիների ամբողջ հասարակությունը, որից հարցնելու ժամանակ, թե ի՞նչ ազգից ես, բերանումը միշտ պատրաստ ունի «փռանկ» կամ «կաթոլիկ» բառերը. — թշվառականը մինչև անգամ մոռացել է յուր ազգությունը...

* *

*

Պարսկաստանում սրից և վաղեմի մահմեդական հալածանքներից զերծ մնացած մի պատառ հայերին այս նոր և ավելի վտանգավոր եվրոպական որսորդներից ազատ պահելու համար գործ դրված միջոցները բոլորովին գոհացուցիչ չեն։ Որովհետև յուր եկեղեցուց հրաժարվիլ ցանկացող և դեպի այլադավանները հարվող մի հայի կրկին դեպի մայրենի փարախը դարձնելու համար` մի վարդապետի նզովք, բանադրանք և եկեղեցական արարողություններից զրկելու սպառնալիքը,— այդ բոլորը հին և փտած զենքեր են։ Հասկանալի է, թե ի՞նչ է, որ հային գրավում է դեպի մի օտար եկեղեցու գիրկ, և նորա ճարն անելու է։ Հայտնի բան է, որ փոքր ի շատե խելացի մարդը երբեք չի հեռանա յուր մայրենի եկեղեցուց. հեռանում են միայն տգետները, և նորանք էլ ոչ թե դավանաբանական ճշմարտություններ որոնելու համար, այլ անձնական հաշիվներ ունենալու համար։ Կամ նա որդի ունի, ցանկանում է, որ միսիոնարի մոտ ձրի կրթություն ստանա, կամ դատաստանական վեճ ունի, նորանցից պաշտպանություն է սպասում,[1] կամ աղքատ

  1. 1 Միսիոնարները յուրյանց դեսպանների և կոնսուլների զորությամբ կարողանում են մեծ դեր խաղալ յորանց ժողովրդի քաղաքական կյանքի մեջ. նորանք մինչև անգամ կարողանում են փոխել տալ մի երկրի դատավորի, եթե նա յուրյանց նպատակներին հարմար չէր։