Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
* *
*

Րաֆֆու Երկերի ժողովածուի առաջին հատորին կցված առաջաբանում արդեն խոսվել է նրա էսթետիկական ըմբռնումների մասին։

Վիպասան ու քննադատ Րաֆֆու այդ ըմբռնումները մշակվել են 1860-ական թվականների մթնոլորտում՝ Նալբանդլանի և ռուս լուսավորիչների ազդեցությամբ։ Րաֆֆին հետագայում զարգացնում է իր սեփական մտքերը ևս, որոնք լայն դրսևորում են գտնում նրա կոնկրետ քննադատության մեջ։ Որոշակի երևում է, որ գրական քննադատության մեջ նա հրապարախոս է և գրական երևույթները դիտում է իբրև մարտնչող մտածող։ Ահա՝ նրա երկու հոդվածը Գ. Սունդուկյանի «Քանդած օջախ» և «էլի մեկ զոհ» կատակերգությունների մասին։ Կրքոտ, կրակոտ տողերով է նա գրում վաճառականների, նրանց այլանդակ կենցաղի, այդ սոցիալական միջավայրի տիպերի վերաբերյալ։ Բարոյական անկում, առևտրականի ամենայն կարգի բանկռոտություն, մարդիկ ծնունդ են անկարգ, փչացած հասարակական կազմակերպության — այսպես է գրում նա բացասական երևույթների մասին։

«Ասիական վաճառականի տնտեսությունը կայուն չէ,— կրկնում է Րաֆֆին իր հայտնի միտքը— Ի վերջո, «Քանդված օջախը» է մի ցավալի ողբերգություն, որ պատկերացնում է մեր ժողովրդի քանդված դրության տխուր կործանվիլը, և նրա անկումը թե՛ բարոյապես և թե՛ նյութականապես»... Սունդուկյանի ռեալիզմի պաշտպանությանն է նվիրված Րաֆֆու կրքոտ խոսքը, որ ավելի սուրարտահայտված է «էլի մեկ զոհ»-ին վերաբերող տողերում։ Պիեսն, հանձին վաճառականների, արտացոլում է չմարմնացած հարստահարությունը յուր բոլոր սարսափելի կերպարանքներով»։ Հրեշավոր ծնունդներ, հարստահարիչներ, խաբեբաներ, ավազակներ — սրանք վաճառկաններն են ու սալոմեները. Պատերազմողներ են Միքայելն ու Անանին և սրանց «դիակների վրայից կանցնեն նոր հերոսներ, որոնք առաջ կտանեն հաղթության դրոշակը»։

Իբրև գրող ու քննադատ Րաֆֆին շարունակում է «Հյուսիսափայլ»ի պայքարը գրականության աշխարհականացման ու նրա ժողովրդայնության համար։ Բավական է հիշել նրա առաջաբանները, որ կցված են «Փունջ»-ի հատորներին»։ Սակայն ավելի շատ ժողովրդայնության համար նա մարտ է մղում «Կայծերում», առհասարակ վեպի տեսությանը վերաբերող իր էսթետիկական հայացքներով։ «Քնար մշեցվոց և վանեցվոց գրքույկի առիթով» գրված հոդվածում Րաֆֆին այսպիսի ընդհանրացում է անում.— «Մի ազգի կամ մի ժողովրդի բարոյական և մտավոր պատկերն ավելի ճշտությամբ երևում է նորա բանաստեղծության մեջ. կամենում ես ճանաչել նորա հոգին, կարդա նորա երգերը»։ «Գրոց ու բրոց կամ Սասունցի Դավիթ» նոր հոդվածում Րաֆֆին վերին աստիճանի բարձր գնահատական է տալիս ժողովրդական բանահյուսությանը, ի դեպ, արտահայտվելով այսպես «Մի կտորիկ ժողովրդական լեգենդայի վերա պոետը կարող է հիմնել յուր հոյակապ ստեղծագործության շինվածքը», ժողովրդական բանահյուսության մեջ քննադատը տեսնում է ժողովրդի մտքի, հոգեբանության, աշխատանքի, կենցաղի, գեղարվեստական մտածողության արտացոլումը։ Իրական է. ըստ Րաֆֆու, բանահյուսության հիմքը, նրա արտահայտչական ձևերի մեջ ժողովուրդը դրսևորում է իր գեղարվեստական հանճարի զարգացման տարբեր եղանակներն ու աստիճանները։