Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարող են օգուտ քաղել։ Ընթերցարանը օգնում է և Պարսկաստանի հեռավոր քաղաքներին, լուր ստացած լրագիրները կարդալուց հետո բոլորովին ձրի ուղարկում է օրինակ Թեհրանի հայոց ընթերցարանին, որ շատ աղքատ վիճակի մեջ է, այլև յուր մեջ գտնված գրքերի ավելորդ օրինակները նույն ընթերցարանին է ընծայում[1]։

Այսպիսի հաջող ընթացքով հուսով ենք, մի քանի տարուց հետո ընթերցարանը յուր կատարելագործված վիճակին կհասնի։ Ի՜նչ հրաշքներ չէ գործում երիտասարդությունը, ժողովրդի թա՜րմ և կենդանի ուժը...


ՆԱՄԱԿ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻՑ

Դավրեժ. դեկտեմբեր


Թեև Եղիշեն և առավելապես Եզնիկը թողել են մեզ բավականին հարուստ տեղեկություններ հին արևապաշտների կրոնքի և նոցա սովորությանց մասին, այնուամենայնիվ, նոքա չեն կարողանում մեր հնախույզի քննադատությանը լիակատար բավականություն տալ։ Նոքա գրել են այնքան, որքան վերաբերում էր յուրյանց աշխատության նյութին։ Իսկ այժմյան գաբրների, որպես հին արևապաշտների, կյանքի ուսումնասիրությունը կլրացնե այն թերությունները, ինչ որ պակաս է թողել պատմությունը, որովհետև այս ցեղը բոլորովին անփոփոխ է մնացած յուր նախնական դրության մեջ։

Եթե ընդունենք, թե հայոց ազգը առաջ է եկել արիական ցեղերից, թե նա պաշտում էր նույն կրոնքը, ինչ որ այժմ գաբրն է պաշտում, թե նորա լեզուն նույն ծագումիցն է, որով այժմ գաբրն է խոսում, — կհամոզվինք, թե գաբրի կյանքի, գրականության և լեզվի (որ մաքուր զանդիկ բարբառն է) ուսումնասիրությունը խիստ

  1. 1 Շնորհակալություն Կ. Պոլիսի ազգայիններին. նորանք ցույց տվին խիստ ազնիվ համակրություն դեպի աղքատ Դավրեժի ընթերցարանը, ուղարկելով նորան որպես ընծա 470 հատոր զանազան լեզուներով գրքեր։ Իսկ ձեր Ռուսաստանի հայերից չգտնվեցավ և ոչ մեկը, որ մի հատոր գիրք ուղարկած լիներ, բացի մեծապատիվ Մ. Սանասարյանցից, որը յուր հաշվով ուղարկել է տալիս «Արարատ» ամսագիրը...