Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կառավարությունը ուշադրություն չէ դարձնում հանգստացնելու սնահավատ ժողովրդի ամբոխմունքը։ Իսկ մոլլաներն յուրյանց կողմից մեծ գրգիռ են տալիս նրան, որովհետև դորա մեջ է նրանց օգուտը, ուխտավորներից նրանք շահում են։ Նրանք կցանկանային, որ Բաղդադի աներևույթ իմամներն երկար մնային Պարսկաստանում և շարունակեին յուրյանց հրաշագործությունները… Բայց կառավարությունը, եթե խրատված լինի անցյալ փորձերից, նա պետք է ամեն հնարքներ գործ դնե հանգստացնելու ժողովրդի կատաղի հուզմունքը ոչ միայն քրիստոնյաների հանգստությունը պահպանելու համար, այլ նույնիսկ յուր շահերը պահանջում են այդ։ Որովհետև այսպիսի խաբեական երևույթները միշտ ամրապնդում են ռամկին յուր մոլեռանդությանց մեջ և հետևապես բարձրացնում մոլլաների ազդեցությունը և հարգը, որոնք մոլեռանդության ներկայացուցիչներն են։ Այսպիսով կառավարությունը զրկվում է իրագործելու յուր նպատակը, մոլլաների ազդեցությունը թուլացնելու մասին, որոնք միշտ հակառակ են գնում պետության բարենորոգումների դեմ։

Ի՛նչ խայտառակություն է այդ, մի խաբեբա մոլլայի ինքնահնար երազի պատճառով ամբողջ Պարսկաստանը տակնուվրա է լինում։ Շինականը, երկրագործը, վաճառականը թողնում են յուրյանց աշխատությունը, բավականին ծախսեր անելով, հեռու տեղերից գալիս են հրաշքներ տեսնելու։ Թողնենք այս իրողության բարոյական կողմը, մի՞թե դա նյութապես չէ վնասում աղքատ և ողորմելի ժողովրդին։

Այժմ ես հասկանում եմ, թե որպես ստեղծվեցան և իրական կերպարանք ստացան հրաշքները…

ԿՂԵՐԱԿԱՆ ՀԱՐՍՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 15-ին ներկա 1876 թվի Դավրեժի ազգային-հոգևոր Արամյան դպրոցի հոգաբարձությունը ուղղեց Նորին Վեհափառության կաթողիկոսին ամենայն հայոց հետևյալ աղերսը, ստորագրությամբ նախագահի, Անդրեաս արքեպիսկոպոսի և բոլոր հոգաբարձուների։

Ահա աղերսը`