Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժամանակի հոսանքը մարդկային մտքի հանճարի օգնությամբ մի ռեֆորմական զարկ տալով, թե՛ վաճառականության, թե՛ արհեստին և թե՛ հողագործության, հասցրին նոցա իրենց այժմյան կատարելագործյալ դրության,— հայերը, չհետևելով լուսավորյալ ազգերի առաջխաղացության նախանձելի հատկություններին, մնացին միևնույն հին վաճառականները, որոնցով այժմ լիքն են Կովկասի ամեն կողմերը։ Դարերի ընթացքները չունեցան նոցա համար այն փոփոխական ազդեցությունը, որին ենթարկվեցան ուրիշ ազգերը. նոքա սովորած լինելով հնադարյան վաճառականության ոգուն, որի օրենքները կայանում է միմիայն հազարավոր անուղիղ ճանապարհներով փող ձեռք բերելու, օգուտ քաղելու իրենց ստորադրյալների տգիտությունից, առաջ գնացին այդ ճանապարհով առանց աջ ու ձախ շեղվելու, խուլ մնալով բոլորովին ժամանակի պահանջման ձայնին, սակայն տարաբախտաբար երկար չտևեց նոցա այդ դրությունը, լուսավորյալ վաճառականական դասը ներս խաղաց և դեպի այն ասպարեզը, ուր հայերը օգտվում էին այնքան տարիներից ի վեր, հիմնվեցին ընկերություններ, շինվեցին երկաթուղիներ և հաստատվեցին բանկաներ, հայը, որ համարում էր իրեն ամենից ճարպիկը վաճառականական խաբեբայության մեջ, այժմ գտավ իրա առաջ մի ավելի բարձր զարգացած ճարպիկ դասակարգ, որի բարոյական ճարպիկության տակ շուտ կարող էր ընկճվել նա։ Այն մասնավոր հողերը, բնության գանձի այն ծածուկ շտեմարանները, որոնք մինչև այն րոպեին հայի համար անգործադրելի էին, շուտով սկսան իրանց գանձերը արտադրել գործունյա ձեռքերի համար։ Հայի համար այդ մի տխուր ներկա էր և ապագան ցավալի անեծքներ թափվեցան երկաթուղիների, բանկաների և այլ ժողովրդական բարեկարգությունների հիմնարկուների վրա. որովհետև բանկաների հաստատվելուց հետո այլ չէին կարող նոքա ծանր անմարսելի տոկոսներով հարստահարել խեղճ հասարակությունը, պակաս վնաս չէր և նոցա երկաթուղու հաստատությունը, որովհետև եվրոպական վաճառականները փոխանակ երկրորդական ձեռքով վաճառելու իրենց ապրանքները ուղղակի իրենք կարող էին ներս բերել և առավել օգտակար կերպով վաճառել. այդ կերպով հայերի դրությունն օրըստօրե ծանրանում էր, շատերը, որոնք մութ ժամանակներում կարողացել էին ապահովել իրանց վիճակը, բավականացան միմիայն տներ, քարվանսարաներ շինելով, նոցա եկամուտքի օգնությամբ ազատ պահպանել իրենց ապագայի փորձանքներից, շատերն էլ մինչև այսօր արշինը ձեռքներին,