Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեկ բան. արդյոք ի՞նչով էր պարծենում Կ. Պոլսի ազգային սահմանադրությունն յուր 17 տարվա գոռում-գոչումներով, յուր ուրախ կեցցեներով...

Այժմ հասկացանք...

Կ. Պոլսի ազգային սահմանադրությունն ուրիշ ոչինչ չէ եղել, բայց միայն մի մանկական խաղալիք, որ խորամանկ դայակը տալիս է երեխայի ձեռքում, որ նա հանգիստ մնա, որ նրանով զբաղվի, չարություն չգործե... Եվ Կ. Պոլսի տղայամիտ էֆենդիները շատ գոհ և ուրախ էին այս խաղալիքով, և ամեն տարի Բոսֆորի ափերի մոտ տոնում էին իրենց ողորմելի պատրանքը...

Տաճկաց կառավարությունը շատ լավ է ճանաչել յուր հպատակ ազգերի բնավորությունը, նա գիտե, թե ամեն մեկին որպես պետք է խաբել։ Այժմ պատրաստել է նա մի ավելի վիթխարի խաղալիք յուր հպատակների ձեռքը տալու համար` յուր պետության մեջ ընդհանուր սահմանադրական վարչություն։ — Երկու խոսքով կհայտնենք մեր կարծիքը. «Օձը յուր շապիկը կփոխե, բայց խասիաթը էլի այն կմնա...»։

Հոդվածս վերջացնելու վրա էի, ստացա մի նամակ, որ վերաբերում էր Վանա հրդեհին. նամակագիրը վանեցի ծանոթներիցս մեկն էր, որ անձամբ ականատես է եղել անցքին։ Թեև Կ. Պոլսի և Թիֆլիսի լրագրներում հրատարակություններ եղան այդ մասին, բայց տեղեկությունները թերի լինելով, հարկավոր համարեցանք այս կտորը որպես հավելված կցել մեր հոդվածի հետ։

Վանա հայերի մեծ մասը բնակվում են Այգեստան կոչված արվարձանում, որ հեռու է բերդից, այսինքն` բուն քաղաքից մի քանի ժամվա ճանապարհով։ Այգեստանցիք, թե՛ վաճառականներ և թե՛ արհեստավորներ, խանութներ ունեն բերդի մեջ, վաղ առավոտյան գալիս են քաղաքը, մինչև երեկո զբաղված են առևտուրով և արևը մտնելուց հետո դառնում են իրանց տները։ Խանութները մնում են հասասների հսկողության ներքո։

Հրդեհից մի քանի շաբաթ առաջ քուրդ բեգերից մեկը բարեկամաբար հայտնում է յուր ծանոթ հայերին, թե այս օրերում մահմեդականների կողմից ձեզ սպառնում է մի մեծ վտանգ։ Հայերն առանց այս խոսքը լսելու ևս ամեն րոպե սպասում էին, թե թուրքերը պետք է կոտորեն նրանց, որովհետև Աբդուլ-Ֆեթթահ բեկ չարագործը Տիգրանակերտից վերադառնալով, դեռ վաղուց բոլոր հայերը կոտորելու հրավեր կարդացած էր։

Հայն յուր կյանքից առաջ մտածում է յուր հարստության մասին,