Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առաջնորդ սուրբ Էջմիածնա աթոռից, որ մեծ պատիվ, մեծ իշխանություն ունի, թե՛ տերության կողմից և թե՛ իր վիճակավոր ժողովրդի վերա։ Երկրորդ, առավել վճռական է այս տեղու հայերի տգիտությունը. թե բացի հայից ոչ մի ազգ քրիստոնյա չէր. ինգլիզ, ֆրանկ, կաթոլիկ անուններր լսում են որպես հեթանոսների։ Հայ ազգանունը համարում են կրոնական անուն, որ մնացել էր Քրիստոսից. ո՛վ հայ չէ՛, և քրիստոնյա չէ՛, ա՛ռ քեզ տգիտության կարծիքը, որ առավել օգտավետ գործ է կատարում, քան թե գիտությունը այս տեղում։

Այսքանս բավական է կաթոլիկներու մասին. այժմ խոսենք պրոտեստանտներու։ Ամերիկացի առաքյալները, այդ քրիստոնեական հավատքի ժրաջան մշակները, մեծ գործունեության մեջ են։ Կարծեմ նոքա ո՛չ մի տեղում, ո՛չ մի ազգի մեջ այդչափ սուղ ժամանակում (20 տարու միջոցում) չկատարեցին այն հրաշալի առաջադիմությունը, որպես Ուրմիայի նահանգումը, ձեռք բերելով մինչև 2000 գերդաստան պրոտեստանտ ժողովուրդ, բայց որպիսի ժողովուրդ յուրյանց դավանության մեջ կարի ուսյալ և կրթյալ ժողովուրդ։

Սըրռ սարի լանջանցը վերա (այս անունով գյուղի մեջ) այն, յուր դրությամբ հիանալի ամառանոցումը, որ չէ Ուրմիա քաղաքից ավելի հեռի քան 10 վերստ, պրոտեստանտները ունեն յուրյանց գլխավոր ճեմարանը։ Նորա մեջ մտնում են այն աշակերտները, որք գյուղերու մասնավոր վարժարաններում նախապատրաստված էին։ Գլխավոր ճեմարանը Սըրռի պարունակում է յուր մեջ այնքան ուսման ընթացք, որքան է մի եվրոպական գիմնազիոնի գիտությանց ամբողջ կուրսը, միայն թե այստեղ աստվածաբանական և ճարտասանական մասին շատ հմտանում են աշակերտները, որ այսպես լինի ճարտարախոս քարոզիչք աստծո բանին։ Մանավանդ յուրյանց հին և նոր քիլդունի լեզուն, ավելի հարակցություն ունելով աստվածաշնչի բնագրի լեզվի հետ, առավել ծանոթանում են հին կտակարանին։ Բայց մի քանի աշակերտներ միայն, մինչև այսօր սովորել են անգլիերեն, թեպետ շատերը ախորժակ ունին սովորելու, բայց չեն կամենում ուսուցանել ամերիկացիքը. ըստ որում այժմյան տերությունը մեծ կարոտություն ունենալով եվրոպական լեզուների հմուտ անձերի, շուտով թարգմանչի պաշտոն է տալիս այնպիսիներին, որք գիտեին մասնավոր ֆրանսերեն, անգլերեն կամ գերմաներեն և այլն։ Եվ անգլիացիք յուրյանց աշակերտները, յուրյանց գործին պիտանի կացուցանելու