Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Զինվորական ուժերի վրա հիմնված պետությունը, այլ խոսքով, մի ազգ, որ ամբողջապես բաղկացած է զինվորականներից, մի վիթխարի վիշապ է, որ կլանում է, ուտում է, ոչնչացնում է ինչ որ արդյունաբերում է ողորմելի հպատակի աշխատասեր ձեռքը։ Այս վիշապը կուլ է տալիս ամբողջ ազգեր ու ժողովուրդներ իր մարմինը պարարտացնելու համար։

Մենք ունենք պատմություն, 850 տարվա պատմություն, թե ինչպես է վարվել մեզ հետ թուրքը։ Նրա ամեն մի տողը արյունով և արտասուքով է գրված։ Ով որ ուրանում է պատմությունը, առաջ ինքն է կնքում իր դատապարտության դատակնիքը։

Մի՞թե երեկվա գազանը կարող է այսօր հրեշտակ դառնալ։ Մինչև նրա հրեշտակ դառնալը, Թուրքիայում հայի անունը միայն մնացած կլինի։

* *

*

Ժամանակը մոտեցավ, պատերազմը վերջանալու վրա է, բայց հայը տակավին մի նշանավոր տնօրենություն չէ արած իր համար։ Մինչև այսօր փոքր ի շատե աչքի ընկնող բան, որ երևցավ, դա էր Սեթ Աբգարի տետրակը։ Բայց ի՞նչ մեծ նշանակություն կարող է ունենալ մի փոքրիկ տետրակ այնքան դարերի և մանավանդ այժմյան ցավերը արտահայտելու համար, որոնց ամբողջ հատորներով գրքեր չեն բավական։

Մյուս, ինչ որ լսվել է մինչև այսօր, ճանճի բզզոցներ կարելի է համարել, որոնք կարող են միայն ծիծաղ շարժել, և ոչ ցավակցություն։ Եվ ի՞նչ նշանակություն կարող են ունենալ մեր բզզոցները եվրոպական ընդհանուր մարդասիրությունից զուրկ, եսական քաղաքականության առջև, քանի որ սլավոնական ցեղերի թնդանոթների որոտմունքը, և նրանց թափած արյան մրմունջը ազդեցություն չեն գործում։

Իսկ այդ պետք չէ, որ հուսահատեցնե մեզ։ Եվ եթե Թուրքիայի հայի դաժանական դրությունը չի բարվոքվի ևս, գոնյա պատմության դատապարտութենից ազատվելու համար, գոնյա ապագա սերունդի մոտ սևերես չմնալու համար մենք պետք է թափենք մեր բոլոր ճիգը ներկա հանգամանքներից օգուտ քաղելու, և եթե չհաջողվի ևս, մեր որդիքը կասեն, թե մեր հայրերը աշխատեցին…