Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ
Ծանի՛ր զքեզ

Ինքնախաբեությո՜ւն... դա մի շատ հասարակ բառ է, բայց նրա մեջ թաքնված են մարդու բոլոր թշվառությունները։ Տեսնում ես մեկը հիմար է, բայց կարծում է, թե խելք ունի։ Մյուսը երկչոտ է, կարծում է, թե առյուծի սիրտ ունի։ Երրորդը ոչինչ չէ սովորել, բայց իրան հանճար է երևակայում։ Չորրորդը չարագործ մեկն է, բայց իրան առաքինության տիպար է համարում։ — Այս բոլորը առաջ է գալիս ինքնախաբեությունից։

Ինքնախաբեությունը մի աչք միայն ունի և նա ամեն բան լավ կողմից է տեսնում, նրա մյուս աչքը կույր է տգեղություններ, այլանդակություններ և մոլություններ տեսնելու համար։ Եվ այս պատճառով այն թշվառականը, որ մի այդպիսի ողորմելի դրության մեջ է գտնվում, միշտ գոհ է իր վիճակից, որովհետև իր մեջ թերություններ չէ տեսնում։ Եվ դրա համար նա միշտ անշարժ է մնում. ոչ մի ձգտում դեպի առաջադիմություն և ոչ մի պահանջ կյանքից չունի. — իրան ամեն բանով լիացած է համարում։

Ինքնախաբեությունը բարոյական ինքնասպանություն է. մի մեռելություն է, որի մեջ մարդկային բոլոր կրքերը հանգիստ են...

**
*

Ինքնախաբեության հակառակն է ինքնաճանաչությունը, նրա հայրը նախանձն է, իսկ մայրը` դժգոհությունը։ Նա ոչինչ բանով բավական չէ։ Նա շատ բան ունի, բայց միշտ մտածում է, թե սակավ ունի։ Նա միշտ դեպի վեր է նայում, աշխատում է բարձրանալ։ Նա ըմբռնել է ընդհանուր մարդկային կատարելությունները, նա ծանոթ է բարձր և վսեմ գաղափարների հետ, և իրան համեմատելով կատարելագործված ընդհանրության հետ, գտնում է շատ փոքր և փոքր...։ Դրա համար միշտ դժգոհ է։ Նա կրկնում է Սոկրատեսի հետ. «Ես միայն մի բան գիտեմ, այն է, որ ոչինչ չգիտեմ»։ Այդ խոսքի մեջն է ինքնաճանաչության բոլոր վսեմությունը։

Երանելի է այն մարդը, որ այսպես է զգում։ Այստեղից է առաջ գալիս տոկուն աշխատությունը, դա է ոգևորում մարդուն