Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դեպի անդադար առաջադիմություն, դա է ծնում հանճարները, արհեստը, գիտությունը և աշխարհի բարօրությունը։

Դժգոհությունը իր վիճակից` մի ազնիվ գրգիռ է, որ տանում է դեպի նրա բարվոքումը։

* *

*

Որպիսի բնավորություններ հայտնվում են անհատների մեջ, նույնպիսիք և հայտնվում են ամբողջ ժողովուրդների և ազգերի մեջ։ Որովհետև բոլորը կազմված է մասներից, ինչ որ մասներն են, այն և բոլորն է։

Կան ազգեր, որ շատ գոհ են իրանց վիճակից, կարծում են, թե ամեն բան ունեն և իրանց թերությունները չեն տեսնում։ Կան նաև ազգեր, որքան առաջ են գնում, որքան արդյունաբերում են, որքան կատարելագործվում են, — այնքան դժգոհ են։

Խոսենք մեզ վրա։

Մենք գտնվում ենք կատարյալ ինքնախաբեական վիճակի մեջ։

Ընտանիքը, ազգայնության հիմքը, սկսել է մեզանում փտել, այլանդակվել, - մի կողմից շռայլությունը, մյուս կողմից անբարոյականությունը օրըստօրե ոչնչացնում են նրա մեջ ինչ որ բարի է, ինչ որ ազնիվ է։ Նա կորցրել է իր նահապետական պարզությունը, և նոր, այսպես կոչված եվրոպական կրթութենից` սեփականել է միայն վատ կողմերը։ — Ո՛չ, ասում են, այդպես չէ, մի բան, որով կարող է պարծենալ հայը, դա է նրա ընտանեկան սրբությունը, որի մեջ տիրում է խնայողություն, անդամների առաքինական ներդաշնակություն և այլն։

Մեր լեզուն, ասում ենք, սկսել է կորչել ազգի բերանից. Տաճկաստանի հայը տաճկերեն է խոսում, Ռուսաստանի հայը ռուսերեն է խոսում, Պարսկաստանի հայը պարսկերեն, Հնդկաստանի հայը անգլերեն. և ամենավտանգավորն այն է, որ այդ ախտը սկսում է ընտանիքից։ — Ո՛չ, պատասխանում են, այդպես չէ, մեր լեզվով Ադամն ու Նոյն էին խոսում, ի՞նչ հայ կա, որ իր լեզուն չգիտենա։

Մեր գրականությունը աղքատ է, ասում ենք, ժողովուրդը զուրկ է մնում մտավոր սնունդից. պահանջում ենք մեր հասարակութենից ընթերցանություն, բայց նրան գիրք չենք տալիս։ — Իսկույն ցույց են տալիս Եղիշեն և Խորենացին։ Էլ ի՞նչ։ — Մի քանի էլ կրոնական գրքեր։