Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առաջին միջոցը արմատական է, իսկ վերջինը` ներգործական։

Թուրքիայի հայերի վերաբերությամբ գլխավոր կենտրոնը, որտեղից պետք է հայտնվեր բողոքը Կ. Պոլիսն է։ Այնտեղ է դրած հայոց պատրիարքի աթոռը, այնտեղ է գտնվում ազգային ժողովը և այնտեղ են լինում մտածող ու բանիմաց գլուխները։

Բայց ի՞նչ էր պատճառը, որ Կ. Պոլսից ևս ոչինչ բողոք չհայտնվեցավ։

Այս հարցը պարզելու համար մենք ստիպված ենք փոքր-ինչ խոսել այն բանի վրա, թե որպիսի անձնավորություններից են բաղկացած Կ. Պոլսում այն մարդիկը, որ կոչվում են գործիչներ, առաջադեմ մարդիկ և ազգի սանձը կառավարող մարդիկ։

* *

*

Ի բաց առյալ ամբոխը, որ բաղկացած է վաճառականներից, արհեստավորներից և գաղթական մշակներից,— Կ. Պոլսում գլխավորապես երկու գործող կուսակցություններ կան, մեկը` հին ամիրայական կուսակցությունը, մյուսը` նոր սերունդը։ Դորանք մի ժամանակ, այսինքն ազգ. սահմանադրության հիմնվելու սկզբներում, խավարյալների և լուսավորյալների անուն էին կրում։

Քննենք յուրաքանչյուր կուսակցությունը առանձին։

Նախ և առաջ պետք է հասկանալ, թե ո՞րտեղից առաջ եկան ամիրաները, և ի՞նչ էին նրանք։

Դեռ մեզանից կես դար առաջ Թուրքիայի պետությունը գավառների (վիլայեթների կամ սանջակների) կառավարության մեջ այս ձևն էր բռնած, որ յուրաքանչյուր գավառի արքունի տուրքը տալիս էր կապալով մի փաշայի։ Եվ որովհետև կառավարությունը վստահություն չուներ, թե փաշան իր ժամանակին կհասցնե գանձարանին հարկերի նշանակյալ քանակությունը, այս պատճառով փաշան ստիպված էր իր կողմից ներկայացնել Դռանը մի երաշխավոր։ Այս երաշխավորությունը հանձն էին առնում հայ սարաֆներ (սեղանավորներ)։ Դրանք սի տեսակ ընկերներ էին կապալառու փաշայի հետ, որը միևնույն ժամանակ իր գավառի թե’ դատավորը և թե’ վարձակալն էր։

Փաշան վարվում էր իրան հանձնված գավառի ժողովրդի հետ որպես ամեն մի կապալառու,- կողոպտում էր, հափշտակում էր և ամեն տեսակ հարստահարություններով մաշում էր նրանց։ Նա իր կողոպուտը, որ մեծ մասամբ հափշտակված էր լինում ողորմելի