Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եղել են բացառություններ, որ ամիրաների մեջ գտնվել են բարի և ազգասեր մարդիկ, բայց եթե խիստ քննելու լինես, հազիվ թե այդ լավ համարվածներն ևս ազատ կմնան արատներից:

Կ. Պոլսի պատրիարքը, որպես ժողովրդի գլուխ և ներկայացուցիչ միշտ կախումն է ունեցել ամիրաներից և սերտ կերպով կապված է եղել նրանց հետ: Նրանք վարվել են որպես սանիկ և սանահայր, որովհետև երկուսի շահերն էլ համաձայն լծորդություն էին պահանջում: Պատրիարքը կարոտություն ուներ ամիրաների մեջ, որովհետև իր հարաբերությունները Դռան հետ նրանց ձեռքով պետք է պահպաներ: Եվ այս պատճառով ամիրաները պատրիարքարանի մեջ միշտ բարձր ձայներ էին վայելում: Եվ պատրիարքը իր դիրքը պահպանել չէր կարող, եթե ամիրաների հետ համակից չլիներ:

Փոխվելով Թուրքիայի վարչության ձևերը, սարաֆները կորցրին իրանց նշանակությունը, բայց ամիրայությունը մնաց, թեև ուրիշ կերպարանքով: Ամիրաները, որոնց ավելացան էֆենդիները, իրենց հին հարաբերությանց առիթով ծանոթացած լինելով Դռան թուլությունների հետ, կարողացան զանազան պաշտոններ հանձն առնել և ամեն գործի մեջ ցույց տալ մեծ առաջադիմություն: Այս պաշտոնակալներն ըստ մեծի մասին հին սարաֆների և կապալառուների որդիք լինելով, ահագին հարստության հետ ժառանգել էին և իրանց նախահարց բնավորությունը, թե ինչո՛վ կարելի է հաճոյանալ կառավարությանը, և նրա գործերի մեջ մտնել: — Դուռը անազնիվ գործիքներ էր որոնում, և նրա նպատակներին կատարելապես համապատասխանում էին հայ ծառայողները…

Հույները հայերի հետ և տերության պաշտոնների վերաբերությամբ մրցություն անել չկարողացան, որովհետև նրանք հայերի նման անազնիվ չէին, և չէին կարող կեղտոտ գործիք դառնալ: Բայց շատերը ուրիշ կերպով են մեկնում, թե հույները չէին վայելում կառավարության վստահությունը, իսկ հայերը իրանց հավատարմութամբ արժանացած էին Դռան առանձին համակրության: Այդ իրավ է, միայն պետք էր հասկանալ, թե ի՜նչ է նշանակում հավատարմությունը պաշտոնի մեջ դեպի մի անկարգ կառավարություն, որ արտաքին խաբուսիկ ձևերի տակ միշտ իր հպատակների արյունն է ծծում: Մի այսպիսի հավատարմություն նույն նշանակությունն ունի, որպես մի խումբ ավազակների հավատարմությունը դեպի իրանց պետը կամ գլխավորը: