Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՀԱՅ ԿԻՆԸ
«Կինը է այն առանցքը, որի շուրջը
պտտվում է քաղաքակրթությունը»։

Ինձ շատ անգամ պատահել է կարդալ հատ ու կտոր հոդվածներ հայ կնոջ մասին, շատ անգամ տեսել եմ նրա նկարագիրը փոքրիկ վեպիկների մեջ, բայց այդ բոլորն այն աստիճան անկատար են եղել և այն աստիճան հարևանցիորեն ներկայացրել են նրա տիպը, որ հազիվ թե ընթերցողը կարող էր ծանոթանալ ընդհանուր գծերի հետՇ Առհասարակ շատ սխալ կարծիքներ են կազմվել արևելքի կանանց մասին ընդհանրապես, իսկ մեր մեջ հայ կնոջ մասին մասնավորապես։ Մինչև անգամ նշանավոր հեղինակները, կամ պոեզիայով հափշտակված, նրանց պատկերացնում են որպես հարեմի զարդարանք, որպես ընտանեական սրբարանի կուռք, և կամ բոլորովին արհամարհելով, «ստրուկ» բառը տեղի և անտեղի կպցնում են նրանց ճաճկատին։ Եթե «կինը է մարդկային ընկերության գլխավոր քաղաքակրթիչ տարերքից մեկը», — որպես ասում են գիտնականները, — ուրեմն պետք է լավ ուսումնասիրել նրան։ Եվ այդ կլինի իմ հետազոտության նպատակը։

Ա
ԳԵՂՋԿՈՒՀԻՆ

Ես սկսում եմ գյուղացի կնոջից և գլխավորապես ի նկատի ունեմ Կովկասի հայ ազգաբնակչությունը։ Բայց խնդիրն ինքնըստինքյան շատ դժվարին է, մանավանդ այն պատճառով, որ Կովկասի հայ ժողովուրդը բաղկանում է զանազան տարերքից — առավել Տաճկաստանի, Պարսկաստանի և ուրիշ երկրների գաղթականներից, որոնց մեջ որքան խառնուրդներ կան, այնքան ավելի բազմատեսակություն կա թե՛ բարքերի, թե՛ սովորությունների և թե՛ դեմքերի վերաբերությամբ։

Կյանքը դեռ բոլորովին չէ միակերպվել և այս պատճառով անհնարին է մի որոշ դասակարգի ներքո զետեղել ամենին։ Բայց բացառությունները միայն ցույց տալով, մենք դարձյալ կստանանք մի ամբողջ նկարագիր, որովհետև ընդհանուր գծերը բոլոր