Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վատ կացության մեջ, բայց պսակվում են աղջիկներից ամենագեղեցիկի հետ, որովհետև փող ունեն։ Սերն ամենևին դեր չունի այս դասի ամուսնության մեջ. և եթե հայտնվում է նա, առաջ է բերում այնպիսի մի րոման, որ ոչ մի գրիչը հարգող րոմանիստ չէր ցանկանա նկարել նրան։ Շատ ցավալի է լինում աղջկա դրությունը, երբ նա միայն փողով պետք է իր համար ամուսին գտներ։ Այդ դեպքում նրա անձնական արժանավորությունները բոլորովին իրանց նշանակությունը կորցնում են։ Գուցե նա գեղեցիկ էր, գուցե խելացի էր, և կարող էր լավ կին լինել, բայց փեսաները նրա մոտով անցնում են կարծես արհամարհելով։ Նա մնում է որպես մի անվաճառ ապրանք, որ խանութպանի լեզվով կոչվում է «փասմանդա»[1]: Տարիների հետ նրա բնավորությունը փոխվում է։ Կապիկը որքան պառավում է, այնքան չարանում է։ Պառավ աղջիկը սեփականացնում է մաղձոտ բնավորություն։ Նա դառնում է և նախանձոտ, մանավանդ երբ տեսնում է, որ վատերը փողով մարդիկ են գնում։ Մի հարստից, որ կաղ աղջիկ ուներ, հարցրին. «ի՞նչպես պետք է մարդու տաս աղջիկդ»։ Նա պատասխանեց. «Հիսուն հազար ռուբլի կդնեմ ոտքերի տակը, երկուսն էլ կդրստվին»։


Վերջապես աղջիկը մարգի է գնում։ Կին լինելուց հետո սկսվում է նոր կյանք։ Առաջին ամիսներից հետո անցնում է ամուսնական սիրո առաջին ջերմությունը։ Այնուհետև սառնությունն աննկատելի կերպով մեջ է մտնում։ Այր և կնոջ հարաբերությունները պաշտոնական ձև են ընդունում։ Դեպքերն առաջ են բերում սոսկալի պայթյումը։ Հետո սկսվում է ընտանեական դժոխքը։ Եվ այդ ծագում է խիստ բնական կերպով։ Ամուսին այրն ունի իր պարապմունքը, իր արտաքին բարեկամները և բարեկամոլհիքը. նա ունի իր առանձին զվարճությունները, գնում է կլուբ և ուրիշ այսպիսի տեղեր։ Նա այնքան զբաղված է լինում իրմով, որ համարյա մոռանում է, թե կին ունի։ Կինն էլ իր կողմից պետք է իր համար կյանք տնօրինե։ Այս բանի մեջ նրան առաջնորդում է մոր օրինակը։ Նա անում է այն, ինչ որ տեսել ու սովորել է մորից։ Այցելություններ է անում, զբոսանքի է գնում, տանը երեկույթներ է սարքում, թրև է գալիս մագազիններում, զբաղվում է ավելի իր պչրանքներով, քան թե զավակներով, իսկ տնտեսությունը մնում է ավազակ ծառաների և աղախինների կամքին։ Ամառն անց է կացնում ամառանոցում, իսկ ձմեռը սկսվում է միևնույն կյանքը։ Տարիներն անցնում են միմյանց ետևից, միօրինակ և աննպատակ զվարճությունները սաստիկ

  1. 1 Փասմանդա նշանակում է քած մնացած կամ ետ ընկած։