Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երիտասարդներ, որոնք թեև փող չունեն, բայց հարուստ ապագայի հույս ունեն։ Դրանց մեջ կարելի է տեսնել բախտավոր ամուսնության բոլոր վսեմությունը։

Թիֆլիսի հարուստ դասի մեջ կնոջ ծերությունն այնքան ցավալի չէ լինում։ Պառավի տարիների հետ մոռացվում է և նրա անցյալը. նա դառնում է ավելի բարեպաշտ և սկսում է հաճախել եկեղեցիները։ Տան մեջ նրա վրա նայում են, որպես մի հին կարասիի վրա, որ երկար ծառայելով, մի տեսակ նվիրականություն էր ստացել, որին չեն կամենում դեն գցել, բայց չեն էլ ցանկանում, որ շատ աչքի երևար։ Նրան պահում են որպես մի հնոտիք։ Ցանկալի մահն օգնության է հասնում պառավին։ Դատարկ կյանքից նա անցնում է դեպի գերեզմանի դատարկությունը։ Որդիները նրա թաղումը կատարում են հանդեսով և մոտ ազգականները սև են հագնում։

Դ

Այժմ դառնում եմ դեպի գավառները։

Գավառներում ինքնըստինքյան հասկանալի է, որ կյանքի պայմանները փոխվում են։ Մեծ տարբերություն կա Թիֆլիսի բարձր դասի և գավառական քաղաքների նույն դասին պատկանող կնիկների մեջ։ Ընտանիքը շատ չէ հեռացել նահապետականությունից և դեռևս գտնվում է իր արևելյան կազմակերպության մեջ։ Աղջկան մեծացնում են ավելի սաստիկ հսկողությունների ներքո։ Ես պետք է շատ բան նորից կրկնեի, եթե մանրամասնությունների մեջ մտնեի, որովհետև կյանքը և կնոջ դրությունն այստեղ ավելի չէ տարբերվում թե բարձր և թե միջին դասի մեջ, որի մասին խոսեցի իմ հետազոտության նախընթաց գլուխներում։ Զանազանությունը միայն նրանումն է, որ մեկն ապրում է ապահով վիճակի մեջ, իսկ մյուսն իր վշտալի կացության հետ կրում է և աղքատության դառնությունը։

Գավառներում պանսիոն կամ որևիցե բարձր ուսումնական հիմնարկություն չկա։ Եթե հրավիրում են տնային վարժապետ, դասատվության ժամանակ աշակերտուհու մայրն ուսուցչի կողքին նստած է լինում։ Իսկ եթե նրան ուղարկում են ծխական դպրոց, առանց սպասավորի չէ գնում։ Բայց մեծ մասամբ աղջկան մեծացնում են առանց ուսում տալու, կատարյալ տգիտության մեջ։ Եվ տգիտությունը լինում է նրա անմեղության գլխավոր պայմանը։