Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քաղաքական մարդիկը: Մեզանում գրողներն ապրում են առանձնացած խմբերով և տեսնվում են ավելի կաֆեներում: Եթե որևիցե կին ընդուներ այս և այն խումբը, դուրս կգար խիստ նեղ շրջան, և այն դեպքում նրա սալոնը կծառայեր որպես գործիք մի կուսակցության, որը մեր մեջ կազմվում է ոչ թե գաղափարի անունով, այլ շահասիրական ինտերեսներով:

Կինն իր նուրբ խելքով և հրապուրիչ բնավորությամբ կարող էր լինել մի լավ կապ գործող ուժերի մեջ: Նրա սալոնում կարող էին մշակվել և հասունանալ ամեն տեսակ հասարակական խնդիրներ: Եվ կինը կարող էր առաջնորդել և խրախույս տալ գործող անձնիքներին: Եվ դրանումն է բովանդակվում կնոջ բարձր նշանակությունը, երբ նա կմասնակցեր հասարակական կյանքին, իր ձեռքում որպես գործիք վարելով տղամարդին: Եվ ոչ միայն ժողովրդի բարձր դասի մեջ, այլ իջնելով դեպի ցած, նրա բոլոր ծալքերում, կինը կարող էր հայտնվել որպես ազդող ոգի, որպես ներգործող ուժ, թե խոշոր և թե մանր բաների մեջ: Ահա՛ դրանումն է նրա մեծ հասարակական կոչումը:

ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ

Մտադրված լինելով նկարել մի փոքր ի շատե ամբողջ պատկեր մեր ժողովրդի կյանքից, ես հարկավոր եմ համարում «Հայ կինը» հոդվածից հետո հետազոտել հայ երիտասարդությունը: Եթե ընդունում ենք, թե երիտասարդությունը է այն թարմ ուժը — այն մանուկ և աճող զորությունը, որից կախված է ժողովրդի առաջադիմությունը և հատկապես նրա ապագան, պետք է լավ ուսումնասիրենք այդ տարրը: Իմ հետազոտության մեջ ես հետևելու եմ միևնույն եղանակին, որպես էր «Հայ կինը», այսինքն անցնելով մասնավորից դեպի ընդհանուրը, և գյուղական ազգաբնակությունից բարձրանալով դեպի քաղաքացիները, ես կաշխատեմ ներկայացնել մեր երիտասարդությունը ժողովրդի ամեն մի դասակարգի մեջ առանձնապես: Ես պիտի վեր առնեմ Ռուսաստանի, և գլխավորապես Կովկասի հայ երիտասարդությունը: