Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/387

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գտնում խաղալու, դա կատարվում է որպես կոնտրաբանդա։ Գյուղացին այնքան պետք ունի օգնականի, որ ամենափոքր հասակից սովորեցնում է իր մանուկին աշխատության, որ նա գնահատե ժամանակը և հեռու մնա դատարկությունից։ Պետք է օգուտ քաղել փոքրիկ ուժից, և աշխատությունների ծանրությունը համեմատաբար աճում է նրա տարիների հետ։ 5-6 տարեկան հասակում նրան սովորեցնում են կատարել տնային թեթև ծառայություններ. 8-10 տարեկան հասակում նրան կարելի է տեսնել կալի մեջ, նստած կամնասայլի վրա, քշում է եզները։ 12 տարեկան հասակում նա արածացնում է հորթերը, գառները կամ նստած լծան վրա, օգնում է իր հորը գութանը վարելիս. իսկ 15 տարեկան հասակում նա իր ձեռքն է առնում բահը և մանգաղը։ Ոչինչ այնքան չէ կարող զարմացնել ժողովրդի ստոր դասի վիճակով հետաքրքրվողներին, որպես գյուղացի մանուկի աշխատասիրությունը։ Նա ամբողջ տարին անգործ չէ մնում, տարվա ամեն մի եղանակում նրա հասակի և ուժի համեմատ գործեր կան։ Տղայությունից սնվելով և աճելով խիստ պայմանների մեջ, նա հեռու է մնում փափկությունից և թուլացնող քնքշություններից. անձրևը, կարկուտը, ձյունը, ամառվա տոթը, ձմեռվա ցուրտը միօրինակ այրում են նրան, թրծում են, մխում են և տալիս են նրա կազմվածքին ուժ և երկաթի ամրություն։ Ամեն պայմանները պատրաստում են նրան վշտալի կյանքին դիմանալու համար։

Ֆիզիքական կրթության հետ լծորդաբար տարվում է մանուկի և բարոյական կրթությունը, որ պայմանավորվում է գլխավորապես խոնարհության, համբերության և միամտության մեջ։ Ամենափոքր հասակից նա գիտե, թե պետք էր տերտերի աջը համբուրել, հասակավոր մարդերին գլուխ տալ և պառավ տատին ու ծերունի պապին չբարկացնել։ Նա գիտե, թե տանը հյուր եկած ժամանակ պետք էր սեղանի մոտ սպասավորել, կամ ձեռքերը սրտին դրած և կանգնած սպասել հոր հրամաններին, մինչև հյուրերը ուտեին, խմեին, հետո նրանց ձեռքերի վրա պետք էր ջուր ածել, որ նրանք լվացվեին և այլն։ Ընտանիքի մեջ ամենի առջև խոնարհվում է նա բացի իր քույրերից։ Ծնողների գործ դրած խտրությունն աղջիկ զավակի և տղա մանուկի մեջ շատ վաղ զգալ է տալիս վերջինին իր գերազանցությունը. նա սկսում է բռնանալ քրոջ վրա և երբեմն ծեծել նրան։ Ծեծելով քրոջը, նա սովորում է ծեծել և իր կնոջը։ Տղամարդի բռնակալությունը տկար սեռի վրա սկսվում է երեխայությունից։