Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գյուղացի մանուկը խիստ փոքր հասակից անձնատուր է լինում ցնորամտության։ Նախապաշարմունքներով և սնահավատությամբ լի ընտանիքն ազդում է նրա մեջ ֆանտազիայի սաստիկ զարգանալուն: Ամեն մի հասարակ երևույթ բացատրվում է նրան առասպելական առեղծվածներով: Երազը, կայծակը, ամպի որոտը, ցոլացող աստղը, արեգակի և լուսնի խավարումը, թաթառը, և մինչև անգամ կատվի մռնչյունը, բուի կռնչյունը նրա համար ունեն խորհրդավոր և գերբնական նշանակություններ: Պառավ մամիկի հրաշալի հեքիաթները վառում են, բորբոքում են նրա երևակայությունը շարժական դրախտների, կաթնի աղբյուրների, խոսող տունկերի, յոթն գլխանի դիվերի[1], վիշապների, հուրիների և փերիների պատմություններով: Ես բախտ եմ ունեցել երկու տարի մի մեծ գյուղում վարժապետ լինելու. շարադրության առաջին դասերը ես տալիս էի, որ աշակերտները և աշակերտուհիները գրեին իրանց լսած առածները և առակները. երբ մի փոքր զարգանում էին, ես գրել էի տալիս իրանց գիտցած հեքիաթները։ Որքա՛ն շատ հեքիաթներ իմանում էին նրանք։Ամենահմուտ վիպասանը չէր կարող այնպես պարզ, այնպես բնական խոսքերով շարադրել մի հեքիաթ, որպես գրում է մանուկը. նրա տղա հասակին խիստ հատուկ է մարդկության տղայամտության ստեղծագործությունը։

Եվ զարմանալի չէ տեսնել, որ բացի կլիմայական պայմաններից, կան և ուրիշ շարժառիթներ, որոնք նպաստում են մանուկի շուտ հասունությանը։ 15-16 տարեկան հասակում նրա մեջ արդեն զարթնում են կրքերը. սիրուն աղջիկ տեսնելիս նրա սիրտը բաբախում է, և սկսում է իր ընկերների հետ գաղտնի խոսել կնիկների վրա։ Բայց ընտանեկան խիստ օրենքները, գյուղացի կնիկների անմատչելիությունը դեռևս երկար պահում են նրա նոր բորբոքվող սիրտը մանկական անմեղ ողջախոհության մեջ։

Կյանքը ոչ բոլորովին զուրկ է մեր գյուղացի մանուկների համար հոգեկան և մտավոր սնունդից, որ մատակարարում է նրան ժողովրդական բանաստեղծությունը, որ դեռևս պահպանված է իր մաքուր, լուսապայծառ պարզության մեջ։ Գողթանի հին երգիչներին, հայոց հին վիպասաններին այժմ փոխարինում են աշղները։ Նա իր սազով շրջում է գյուղից գյուղ, երգում է և վեպեր է պատմում։

  1. 1 Դիվ բառը պետք չէ շփոթել մեր դևի հետ, որ ընդունված է չար ոգու նշանակությամբ, դիվը հեքիաթների մեջ պետք է հասկանաք այն մտքով, ինչ նշանակություն որ ունի այս բառը պարսից լեզվում, այսինքն` հսկա, փահլևան։