Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/393

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մյուսներն աշխատում են, որ իրանք էլ միևնույն բախտավորությանը հասնեին։ Այստեղից առաջ է գալիս գյուղացի մանուկների սաստիկ հոսանքը դեպի մերձավոր և հեռավոր քաղաքները։ Մի գաղտնի և մանուկի համար անհասկանալի դրություն քաշում է նրան դեպի քաղաքը. նա դիմում է այնտեղ լի անորոշ հույսերով, ինքնավստահ, և միանգամայն հանձնված իր բախտին։ Տարակույս չկա, որ այսպիսի անփորձ և անմեղ բախտախնդիրներից ոմանք անտարբերությունից, ոմանք խնամակալ չունենալով, ընկնում են քաղաքների մոլորությունների մեջ և դառնում են թշվառ արարածներ, բայց մեծ մասը հասնում են իրանց նպատակին։

Գալով քաղաքը, գյուղացի մանուկն անպատճառ ունի մի նպատակ։ Եթե ցանկանում է նա վաճառական դառնալ, մտնում է մի վաճառականի մոտ որպես «դուքնի աշակերտ». նա ոչինչ վարձ չէ պահանջում, միայն թե տային նրան հաց և հագուստ։ Երբեմն մինչև տասն տարի անտանելի նեղությունների համբերելով, վերջապես նա փոքրիկ գումարի տեր է դառնում և սկսում է իր համար մի առանձին առևտուր անել։ Նա բացի սովորելուց առևտրական եղանակները, միևնույն ժամանակ ստանում է վարպետից նրա բարոյականության լավ կամ վատ հատկություններ։ Միևնույն կերպով են սկսում իրանց ասպարեզը և այն մանուկները, որոնք ցանկանում են որևիցե արհեստ սովորել. աշկերտությունից անհնարին նեղությամբ հասնում են վարպետության։ Քաղաքների թե վաճառականները, թե արհեստավորները մեծ հոժարությամբ ընդունում են իրանց մոտ գյուղացի մանուկներին, որովհետև նրանք հավատարիմ են լինում, չեն գողանում, և շուտ սովորելով, օգուտ են տալիս իրանց վարպետներին։

Որպես հայ աղջիկներից չէ կարելի գտնել աղախիններ, այնպես էլ հայ մանուկներից չէ կարելի գտնել տան սպասավորներ։ Բացառությունները խիստ աննշան են։ Եթե հայ մանուկը մտնում է մեկի մոտ ծառայելու, անպատճառ նպատակ ունի մի բան սովորել, որ կազատեր նրան ստոր պարապմունքից։

Ոչ սակավ հետաքրքրության արժանի է, թե որպիսի եռանդով, որպիսի անձնվիրությամբ և առանց բնավ միջոցների գյուղացի մանուկը քաղաքում աշխատում է ուսում ստանալ։ Դա մի կատարյալ նահատակություն է, որի մասին կխոսեմ իր տեղում, երբ կնկարագրվի առհասարակ մեր ուսանողների դրությունը։

Գյուղացի մանուկների սաստիկ հոսանքը դեպի քաղաքները զրկում է գյուղական ժողովրդին իր թարմ ուժերից և թուլացնում է