Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/399

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եթե ունեցել ենք մենք մի ժամանակ թատերական ներկայացումներ, եթե մեր նախնիքներն ևս զվարճացել են իրանց Էսքիլեսների, Սոֆոկլեսների և Էվրիպիդեսների արարչություններով — այժմ նրանցից ոչինչ չէ մնացել, այժմ նրանց նշույլները միայն մնացել են գյուղական ժողովրդի մեջ, որ հայտնվում են զանազան հանդեսներում։ Հարսանիքի համար ընտրում են առհասարակ ընդարձակ տներ, որ բավական լիներ բազմության համար։ Եթե հարսանիքատիրոջ բնակարանը փոքր էր, դրացին տալիս է նրան իր տունը։ Ամեն գիշեր սովորական կերուխումը, ուրախությունները և պարերը վերջանալեն հետո, լինում են մի տեսակ թատերական ներկայացումներ, որ ռամկի լեզվով կոչվում է օյին (խաղ)։ Դերասանների պաշտոն կատարում են գլխավորապես սազանդարները (նվագածուներ)։ Ներկայացնում են ժողովրդի կյանքից առած ծիծաղաշարժ պատկերներ, երբեմն առանց բովանդակության և երբեմն իրանց տգեղությամբ անցնում են բարոյականության չափը։ Բայց այդ կոշտ, կոպիտ և անմշակ վոդըվիլները սաստիկ ազդում են մանուկ սրտերի վրա։ Մանկտին նրանց մեջ տեսնում է այն գաղտնիքները, որոնք իր համար առաջ անորոշ էին, անբացատրելի էին։

Վերջապես պատանին ամուսնանում է։ Հարսանիքի ուրախությունները շուտով անցնում են, որպես թե ոչինչ չէր պատահել և մյուս օրը նորափեսան սկսում է իր սովորական պարապմունքը։ Կրկին սկսվում է տաժանական կյանքը։ Երկու նորապսակ ամուսինների հարաբերությունները հենց առաջին օրից խիստ օտարոտի ձև են ստանում։ Գյուղացու ընտանեկան պայմաններին անծանոթ մարդը, տեսնելով նրանց, կկարծե, թե նրանք խռովել են, կամ միմյանց հետ անհաշտ են ապրում։ Դրսումը միասին չեն հայտնվում, իսկ տան մեջ միմյանց հետ չեն խոսում։ Հարսն իր քողը չէ բարձրացնում և երեսը չէ ցույց տալիս փեսային, եթե այնտեղ ներկա էր ընտանիքի անդամներից մեկը։ Միասին չեն ճաշում, ընթրիք չեն ուտում. որդին ուտում է հոր հետ, իսկ հարսը` սկեսրոջ հետ։ Գյուղերում կանանց սեռի սեղանը տղամարդերից բաժանված է։ Այսպես անցնում են տարիներ և շատ տարիներ. հարսը տեսնվում է իր ամուսնի հետ կամ գաղտնի, կամ գիշերը, երբ բոլորը քնած էին։

Ամուսնությունից հետո երիտասարդի վիճակը փոխվում է ընտանիքի մեջ. հայրը նրա հետ այլևս խստությամբ չէ վարվում, իսկ մայրը հարգում է։ Նա այժմ այր է և ոչ տղա։ Նրա խոսքերը, նրա կարծիքները բանի տեղ են դնում, և նա սկսում է ձայն տալ ընտանեկան