Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գալով մի այդպիսի եզրակացության, ստիպվում ենք հարցնել պարոն Շերմազանյանին,— մի՞թե պարոն Րաֆֆիի ցույց տված տեղը Խոյի և Սալմաստա մեջտեղումը չէ։

Մենք չեմք կարծում, որ պարոնր չհամաձայնի մեզ հետ, երբ ինքը խոստովանում է պարոն Րաֆֆիի ցույց տված տեղերի Խոյի և Սալմաստա մեջտեղում լինելը[1]:

Ուրեմն պարոն Րաֆֆին ինչո՞վ է սխալ յուր կարծիքի մեջ։

Վերջին հարցը թողնում ենք նորից մտածել պարոն Շերմազանյանին...

Միայն կավելացնենք այդքանը, որ պարոն կրիտիկոսը ցանկացել է յուրյան ցույց տալ ոչ միայն հմուտ հայոց պատմագրության, այլև պարսից և արաբացվոց։ Պ. Րաֆֆիի Ղազանֆարի հիշատակարանի մասին նա ասում է, իբր թե արաբացի Մահամադ Հանըֆին է պատկանում և ոչ Ղազանֆարին։ Պարոնը «լսել է զանգի ձայն, բայց չգիտե ուր է այն»։

Մահմադ Հանըֆի հիշատակարանը գտանվում է ոչ թե Խոյի մոտ, այլ Ուրմիո և Սալմաստա մեջտեղում, Իսի-Սու կոչված գյուղի հանքային տաք ջրերի մոտի գերեզմանտանում, ուր տեղային սունիների ուխտատեղին է։

Իսկ պարոն Րաֆֆին այդ տեղի մասին ոչինչ չէ գրել։

Ա՜խ, ես մոռացա ասել, որ պարոն Շերմազանյանը յուր քննադատությունը, այնքան բազմամասնյա նյութերից խառնած, թեև կատարյալ թուրքի հարիսա է շինել, այսուամենայնիվ պետք է խոստովանած, որ նա մի նշանավոր բնագիտական գյուտ է արած, որն է արդյունք նորա երկարամյա Պարսկաստանի աշխարհի հետազոտությանը,— այն է անուշահոտ մշկի յուր ցույց տված Ավարայրի դաշտումը արածող այծյամների պորտի վերա գոյանալն։ Եթե լուսավոր Եվրոպան յուրյան թույլ կտար հավատալ այդպիսի առասպելին, մեք խորհուրդ կտայինք պարոնին յուր արած գյուտը Լոնդոնի արքունական երևելի բնագիտական ահադեմիային հայտնել, ի փառս գիտության։

  1. Տե՛ս «Արարատ», համար ԺԱ. 426-րդ երեսի երկրորդ էջի 17-րդ տողից սկսյալ մինչև 37-րդ տողի վերջը