Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երկաթուղու գաղափարն անգամ այդ դարումը ծանոթ չէր հայերին։ Եթե ընդունեմք հայոց բանակը մի օրվա մեջ անդադար առաջ տանելու լիներ յուր արշավանքը, նա կհասներ միայն մինչև Մասիս լեռան արևելյան ստորոտը, այսինքն այժմյան Մագվա դաշտին: Ուրեմն պարոն Շերմազանյանի խոսքերից եզրափակելով, այստեղ պետք է համարել Արտազը կամ Ավարայրին։

Բայց Մագվա դաշտը, ասում է պարոն կրիտիկոսը, չէ Արտազը և ոչ Ավարայրին, այլ նորան կոչում է պատմական Գերատա դաշտը:

Եվ այդպես շեղվելով յուր հիմնական փաստից, պարոն Շերմազանյանը թողում է այժմյան Մագուն (Արտազը) անցնում է մինչև Ղարա-Զիադին (սխալմամբ կոչելով նորան Ղարա-Չիադին) գյուղը, և այնտեղ Չորսի դաշտը ցույց է տալիս պատմական Ավարայրի դաշտի լինելը, որը Խորվիրապից ոչ թե մի օրվա, այլ երեք օրվա ճանապարհորդության հեռավորություն ունի։

Մեր ընթերցողներին ցույց տալու համար, թե պարոն Շերմազանյանը ինքն չգիտե, թե ի՞նչ է գրում, այլ միմիայն լոկ անուններ է շարում միմյանց պոչից, և պատմական խառնիխուռն, անկապ վկայություններ է թափ տալիս, ավելորդ չեմք համարում հիշել նորա խոսքերից մինը, որ ոչ միայն հակառակում է յուրյան, այլ բոլորովին հաստատում է պարոն Րաֆֆիի կարծիքը:

Պարոն Շերմազանյանը բոլորովին շփոթելով յուր երկար և անկապ դրվածքի խաոսի մեջ, և մոռանալով յուր մի անգամ, Ավարայրի դաշտի Խորվիրապից մի օրվա ճանապարհի հեռավորությամբ ցույց տալը, Ղարա-Զիադինի մոտ Չորսի դաշտումը ցույց տալը,— ասում է. «Որպեսզի ընթերցողներին ավելի շուտով կարողանամ հասկացնել, հարմար եմ համարում սկսել ուղևորությունը Խորվիրապեն դեպի Հեր և Զարևանդ գավառն, որոց մեջին պետք է որոնած Ավարայրը և Տղմուտը»։

Հիմնվելով պարոնի վերջին խոսքերի վերա, պետք է վճռել, թե Ավարայրը և Տղմուտը գտնվում են Հերի և Զարևանդի մեջտեղում։

Շատ լավ:

Համարելով Հերը` այժմյան Խոյը, Զարևանդը` այժմյան Սալմաստը (որոց մասին պարոն Րաֆֆին և պարոն Շերմաղանյանը համաձայն են միմյանց հետ)—ուրեմն Ավարայրին և Տղմուտը պետք է որոնել, ոչ թե Ղարա-Զիադինի կամ Չորսի դաշտերումը, այլ այդ երկու մահալների, այսինքն Խոյի և Սալմաստա մեջտեղում։