Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/429

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գնալուց։ Դորպատի համալսարանը տվեց մեզ երկու նշանավոր մարդիկ` Աբովյանցին և Նազարյանցին։ Բայց պետք չէ մոռանաչ և այն, որ առհասարակ Դորպատի ուսանողներն ունեն մի առանձին հատկանիշ գույն, որով որոշվում են ռուսաց մյուս համալսարանների հայ ուսանողներից։ Մի տեսակ ծածկամտություն, մի տեսակ քրմական ֆանատիկոսություն, մի տեսակ կույր համառություն տիրում է նրանց ամբողջ մտավոր կարողության վրա։ Նրանք փոքր ի շատե կարդացել են և առանց համոզմունքի մարդիկ չեն, բայց իրանց համոզմունքների մեջ այն աստիճան կամակոր են, որ դա պահում է նրանց միշտ քարացած անշարժության մեջ։ Այդ պատճառով զարմանալի չէ տեսնել, որ Դորպատից ավարտողները մեր ազգային, հասարակական և եկեղեցական խնդիրների վերաբերությամբ համարյա բոլորն էլ պահպանողականներ են։ Ինչ որ ավելի աչքի է զարկում, այդ է նրանց թթու ազգասիրությունը, որ չեն թաքցնում երևան հանել, երբ այդ ցուցամոլությունը չէր պահանջում նրանցից որևիցե աշխատություն կամ զոհ։

Դառնում եմ դեպի արտասահմանյան ուսանողները։

Ռուսաստանի սահմաններից դուրս հայ ուսանողները դիմում են մեծ մասամբ Գերմանիա, իսկ մասնավորապես Ֆրանսիա և Զվիցերիա։ Սկսենք Գերմանիայից։

Հայ ուսանողը դիմում է Գերմանիայի այս և այն համալսարանական քաղաքն առանց մի բառ գերմաներեն գիտենալու։ Նա վարձում է մի ընտանիքի մեջ բնակություն, ուր վեց ամսից հետո սովորում է եթե ոչ վարժ խոսել, բայց հասկանում է լսածը։ Տարին չլրացած, նա համարձակ կարող է հաճախել իր ընտրած մասնագիտությունից դասախոսություններ լսելու։ Սկզբից քննություն տալ չէ պահանջվում, բավական է, որ ուսանողը հայտնում է համալսարանի վարչությանն իր ցանկությունը մտնել ուսանողների թվում, հետո նրա անունը գրվում է վարչության գրքի մեջ (матрикулярная книга)։ Գերմանական համալսարանն ազատ հիմնարկություն է. նրա կազմակերպության մեջ չեն տիրում այն պաշտոնական խիստ ձևերը, որ կարելի է բացատրել բառովս արքունականություն (казенщина)։ Ուսանողին տված է կատարյալ ազատություն թե առարկայի և թե պրոֆեսորի ընտրության մեջ. նշանակված կուրսեր և քննություններ չկան. ուսանողը ինքն է տնօրինում իր ժամանակը, որի ընթացքում նա մտադիր է սովորել։ Եթե հանգամանքները չեն ներում, նա կարող է ընդհատել իր ուսումը և ամիսներից կամ տարիներից հետո կրկին շարունակել։