Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/465

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աղքատ ընտանիքների համար։ Ոմանք բանում են տների շինվածքների վրա, խճուղիների և երկաթուղու վրա որպես հասարակ մշակներ, կամ աշխատում են աղյուսի գործարանների մեջ, և կամ քարափից քար են կտրում։ Երկար կլիներ մի առ մի թվել այդ թշվառների անտանելի աշխատությունների զանազան տեսակները, որոնց կարող էր համբերել միայն այն անբախտը, որին դառն աղքատությունը ստիպել էր թողնել իր հայրենիքը, տունը, ընտանիքը, և պանդխտության մեջ հանձն առնել մի անասնական գործ։

Համեմատաբար ավելի երջանիկ են այն մշակները, որոնք խմբված են զանազան քարվանսարաներում։ Յուրաքանչյուր քարվանսարայի մեջ մշակների խումբը կազմում է մի տեսակ միություն «օդաբաշիի»[1] գլխավորության ներքո. դրանք ունեն իրանց ընդհանուր դրամարկղը (կասսան), որի մեջ ձգում է ամեն մեկն իր օրական վաստակը, ծախսում են այդ դրամարկղից, կերակրվում են միասին, և ամեն մի ամսի վերջը բաժանում են իրանց մեջ մնացորդը։ Հիվանդ ընկերը չէ զրկվում իր բաժնից, եթե ամբողջ ամիսը աշխատած ևս չլիներ։ Մի նոր մշակ ընդունվում է խմբի մեջ ամենի համաձայնությամբ։ Բոլոր այս տեսակ հիմնարկությունների մեջ աշխատող մշակները մի տեսակ ապահովություն ունեն այն կողմից, որ առանց գործի չեն մնում, այլ փոխադարձապես օգնում են միմյանց։ Մինչդեռ մյուս մշակները ստիպված են ամեն օր և ամեն րոպե գործ պտրել։ Շատ անգամ ամբողջ ժամերով նրանք կանգնած են հրապարակների և փողոցների վրա, սպասում են մինչև մեկը կկանչեր և մի շալակ կհանձներ այս և այն տեղը հասցնելու համար։

Ամբողջ օրվա դառն չարչարանքներից հետո մշակներից շատերը աշխատում են գիշերից ևս օգուտ քաղել։ Հանգստությունը զոհում են մի քանի կոպեկների։ Ո՞ւմ չէ պատահել տեսնել, գիշերը փողոցներով անցնելիս, մագազինների դռանը, մերկ սալերի վրա, ձյունի և անձրևի տակ պառկած «հասասներին» (գիշերապահ)։ Դրանք ցերեկն աշխատող մշակներն են։ Երբեմն նրանք այն աստիճան հոգնած և թմրած են լինում, որ գիշերվա քեֆից վերադարձող բուրժուան ոտքը կոխում է նրանց վրա և անց է կենում. թշվառները ոչինչ չեն զգում։ Իսկ երբեմն կտեսնեք մեկին, փաթաթված սոլդատի քրքրված վերարկուի մեջ, դառն-մելամաղձական ձայնով երգում է։ Քունը մոտ չէ գալիս կարոտ աչքերին, նա երգում

  1. 1 Օդարբաշի նշանակում է խանութպան։