Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/466

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է իր «յարին», որին դեռ նոր էր նշանել, երբ թողեց հայրենիքը. այժմ անցել էին մի քանի տարիներ, անբախտ մշակը դեռևս այնքան փող չէր վաստակել, որ վերադառնա, պարտքերը վճարե, հետո կարողանա պսակվել։

Ում պատահել է մտնել Սաղի կողմի քարվանսարաներից մեկի մեջ, ուր կանգնեցնում են ֆուրգոններ, կարող է փոքր ի շատե գաղափար ստանալ մշակների կյանքի մասին։ Թիֆլիսի այդ մասը, ուր թափում են ամեն տեսակ անմաքրություններ, ուր գարշահոտությունը թմրեցնում է մարդուն, ուր խոզերը միայն աղտոտությունների մեջ բախտավոր են ապրում, Թիֆլիսի այդ դժոխքը մշակների գիշերային կացարանն է։ Այնտեղ կարելի է գտնել փոքրիկ մթին սենյակներ, որ ամիսը 3-4 ռուբլով վարձով են տալիս. երբեմն 10-20 մշակներ վարձում են այդ սենյակներից մեկը։ Ոչ մի կարասի չէ կարելի տեսնել այդ խոնավ և սառը գերեզմանների մեջ, ուր կարմիր աղյուսով ծածկված մերկ հատակի վրա, իրանց փալանները բարձի տեղ գլխների տակին դրած, գիշերը հանգստանում են մշակները ցերեկվա հոգնածությունից հետո։ Ոմանք այնքան խնայող են լինում, որ սենյակներ չեն վարձում, այլ մտնում են այս և այն քաղաքացու տանը որպես դռնապան (дворник)։ Գիշերը հսկում են դռան վրա, իսկ ցերեկը գնում են իրանց գործին։ Տանուտերն այնքան բարի է լինում, որ խեղճ մշակի աշխատության փոխարեն ձրի տալիս է նրան օթևանելու մի խորշ, դա լինում է ըստ մեծի մասին ներքնատան մի անպետք անկյունը։

Թիֆլիսի մշակների մեջ մի ավելի հետաքրքիր մաս ներկայացնում են թուլուղչիները (ջրկիրներ). դրանք կազմած ունեն մի տեսակ համայնք, որ ունի իր կանոնները և սովորությունները։ Թիֆլիսի բոլոր թաղերը բաժանված են (թուլուղչիների կարգադրությամբ) զանազան մասերի, որոնց յուրաքանչյուրը մի թուլուղչու «մուշտարին» է. այսինքն բացի այն թուլուղչուց մի ուրիշն իրավունք չունի այն թաղեցոց ջուր տալու։ Այդ իրավունքը վաճառվում է թուլուղչիների մեջ. օրինակ, մեկ թաղում հարյուր ընտանիքի ջուր էր տալիս մեկ թուլուղչի, նա իր դավթարի մեջ ունի տների ցուցակը, և նույն ցուցակով վաճառում է իր ջուր տալու իրավունքը մյուսին, ստանալով նրանից 500-1000 ռուբլի։ Եվ այսպես ժողովուրդն անցնում է մի թուլուղչու ձեռքից մյուսին։ Թուլուղչիներն իրանց մեջ կարգ պահպանելու համար, ընտրում են մեկին իրանց միջից որպես «ուստաբաշի» — գլխավոր, որը ճանաչված է լինում քաղաքական վարչությունից։ Թիֆլիսի մշակների մեջ միայն թուլուղչիներն