Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/477

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ճանապարհորդելով մի ժամանակ Տաճկական Հայաստանում, ես շատ անգամ առիթ եմ ունեցել տեսնվել որպես կաթոլիկ, նույնպես բողոքական հայերի հետ. մտել եմ նրանց դպրոցներում, ժողովարաններում, և երբեմն տաք վիճաբանություններ եմ ունեցել նրանց հետ։ Այդ մարդկանց վրա պետք է խղճալ, նրանք շատ ողորմելիներ են։ Նրանց այնքան փոքր բան են սովորացրել, որ ուրիշ կերպ լինել չէին կարող, հին և նոր կտակարանից մասնավոր տեղեկություն, մի քանի աղոթքներ, փոքրիկ քրիստոնեական վարդապետություն, եթե ավելացնենք դրանց վրա և այն համոզմունքը, թե ով որ իրանց եկեղեցուն չէ պատկանում, զրկվում է Քրիստոսի արքայությունից — կստանանք նրանց գիտության ամբողջ չափը։

Մեր կարծիքով, այդ խիստ բաժանումը մեր կաթոլիկ և բողոքական եղբայրների ազգային ամբողջությունից, լոկ դավանաբանական պատճառներով, պետք է համարել ժամանակավոր մի երևույթ, որ առաջ է եկել ավելի անկրթությունից, և որն ինքնըստինքյան կանհետանար, երբ ազգայնության գաղափարն իր բոլոր կենսագործող զորությամբ կմարմնանա նրանց մեջ։

Շատ ցանկալի էր, որ մեր ազգայինները պատկանեին նույն եկեղեցուն, որ հիմնեց մեր լուսավորիչ պապը, բայց երբ որ կաթոլիկությունը և բողոքականությունը մեր մեջ արդեն մի կատարված իրողություն է, այլևս ի՞նչ պետք է անել։ Մեր եկեղեցականները չունեն այն հոգին, որ աշխատեն նրանց կրկին միացնել մեզ հետ. ուրեմն պետք է թույլ տված, որ կրոնի վերաբերությամբ ազատ մրցությունն ընթանա իր ճանապարհով, իսկ ազգայնության վերաբերությամբ աշխատել, որ պահպանվի նրանց հետ մեր միությունը։ Մենք այն կարծիքի ենք, թե դավանությունների բազմատեսակությունը չէ ոչնչացնում ազգային միությունը — միությունը պետք է որոնել այդ մասների ներդաշնակության մեջ, որի հիմնական մոթիվը պետք է լինի ազգայնությունն իր բարձր նշանակությամբ։ Մենք համոզված ենք, որ եկեղեցու անբաժան միությունը մի ազգի մեջ կարող է տանել դեպի միակողմանիություն, և հետևապես դեպի անկենդանություն, որի ընդհակառակն, եկեղեցու բաժանված մասերն, առանց մի ընդհանուր առաջնորդող ոգու (որ կարտահայտեր բոլորի շահերը), կտանեն դեպի թուլություն և կործանումն։

Կրկնում եմ, պետք է թողնել մրցությունը գնա իր ճանապարհով, դրանով ավելի կշահվեն լուսավորչականները, քան թե հալածելով իրանց եղբայրներին։ Տաճկաստանցիք փոքր չօգտվեցան այդ մրցությունից. եթե նրանց մեջ փոքր ի շատե ծաղկել սկսեց