Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/511

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայտնի է նաև, որ Րաֆֆուց հետո Շերմազանյանը գրում է. «Դարձյալ թե ո՞ւր է Ավարայր և Տղմուտ» վերնագրով հոդվածը (տե՛ս «Արարատ», 1873 թ, № 5, էջ 165) որտեղ, բանավիճելուց զատ, ի լուր ամենքին բացում է Րաֆֆու պսեվդոնիմը և հայտնում է, որ Մելիքզադեն, Հակոբ Միրզայանը և Րաֆֆին միևնույն անձնավորությունն է։ Ահա այս առիթով է, որ Րաֆֆին գրում է «Մի քանի խոսք» վերնագրով հոդվածը: Շերմազանյանի կատարածը բնութագրելով իբրև անազնվություն, մի առածով Րաֆֆին վերջացնում է իր բանավեճը նրա հետ։

Հոդվածը հրապարակված է Մելիքզադե ստորագրությամբ։

Արտատպված է «Մշակից», 1873 թ., № 24, էջ 3։

(ՊԱՏԱՍԽԱՆ «ՄԵՂՈԻ»-ԻՆ) (ԷՋ (59)

1873 թվականի սկզբին Րաֆֆին որոշում է իր արձակ և չափածո ստեղծագործությունները ամփոփել 10 հատորի մեջ և հրատարակել «Փունջ» ընդհանուր խորագրով։ Այս առթիվ «Մշակի» խմբագրությունը տպագրում է մի հայտարարություն (տե՛ս «Մշակ», 1873 թ., № 17, էջ 4), որտեղ հատորների պարունակության և բաժնեգրության պայմանների մասին ծանուցումից բացի, խնդրվում է հայ գրականություն սիրողներին նպաստել «Փունջի» տպագրությանը:

Դեռևս չէր ավարտվել առաջին հատորի բաժնեգրության գործը, երբ «Մեղու Հայաստանի» լրագրի թղթակից Քաղքցին իր մի ֆելիետոնում Րաֆֆու բանաստեղծությունները («Փունջի» առաջին հատորը) որակում է իբրև ««փունջ» անգույն ու անհոտ ծաղկանց» (տե՛ս «Մեղու Հայաստանի», 1873 թ., № 26, էջ 3):

Ահա այդ ֆելիետոնի կապակցությամբ է, որ Րաֆֆին գրում է այս մի քանի տողից բաղկացած պատասխանը «զռլամա» անվանելով Քաղքցու գործը։

Հոդվածի վերնագիրը պատկանում է տեքստը տպագրության պատրաստողներին։

«Պատասխանը...» հրապարակված է Րաֆֆու ստորագրությամբ։

Արտատպված է «Մշակից», 1873 թ., № 27, էջ 4։

Կ. ՊՈԼՍԻ UՐ. ՊԱՏՐԻԱՐՔԻ ՀՐԱԺԱՐՈԻՄԸ (ԷՋ 60)

Խրիմյանի պատրիարքությունից հրաժարվելու առիթով գրված այս հոդվածում Րաֆֆին քննադատում է Կ. Պոլսի սահմանադրական վարչությանը, որի գործունեությունը ոչ միայն չի տարածվում գավառների վրա, այլև զրկված է Պոլսի մեջ պատահած գործերն իսկ քննելու և վճռելու կարողությունից։

Րաֆֆուն զայրույթ է պատճառում, որ Պոլսի կուսակցությունները իրենք գործունեությունը ընդհանուրի օգտին և ազատությանը ծառայեցնելու փոխարեն ի սպաս են դնում «էֆենդի աղաների չար կրքերին», նա իր քննադատության սուր ծայրն ուղղում է քաղաքական ժողովի դեմ, որն անտես առնելով Խրիմյանի առաջարկները, տեղիք է տալիս նրա պատրիարքությունից հրաժարվելուն։

Րաֆֆու հոդվածը ամբողջովին կառուցված է Խրիմյանի հրաժարականի հիման վրա, որի տեքստը լույս է տեսել Կ. Պոլսի «Մասիս» լրագրի 1878 թվականի օգոստոսի 7-ի համարում։

Հոդվածը լույս է տեսել Մելիքզադե ստորագրությամբ։

Արտատպված է «Մշակից», 1873 թ., № 35, էջ 3: