Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/524

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայ ժողովրդի ազգային շահերը, նման վճռական քայլի համար Րաֆֆին գտնում էր, որ դեռևս ուշ չէ: «Հակառակ դեպքում,— ասում է նա,— հայի առաջարկությունները կմնան առանց հետևանքի կազմակերպվելիք կոնֆերենցիաներում» Րաֆֆին արդեն կռահել էր արևմտյան պետությունների կողմից կուլիսներում նախապատրաստվող խաղերի ներքին իմաստը և պահանջում էր թողնել կույր հնազանդությունը ու զենքի օգնությամբ դիմել վճռական քայլի: Նա կոչ է անում չվախենալ պայքարից ու արյունահեղությունից, որովհետև, ասում է նա. «Առանց արյունի, առանց զոհերի փրկություն չի լինում»

«Դեռևս ուշ չէ» հոդվածը գրված է 1878 թվականի փետրվար–մարտ ամիսներին, Ագուլիսում։ Տպագրվել է նույն թվականի մարտի 16-ին։

Երկրորդ անգամ այն լույս է տեսել 1895 թվականին Աննա Րաֆֆու կազմած «Տաճկահայք» ժողովածուում։

Հոդվածը առաջին անգամ հրապարակվել է Մելիքզադե ստորագրությամբ։

Արտատպված է «Մշակից», 1878 թ., № 102, 42։

ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐԻՆ (էջ 305)

«Մշակի» խմբագիր Գ. Արծրունուն ուղղված այս նամակը Րաֆֆին գրել է 1878 թվականի հունիսի 11-ին, Վերին-Ագուլիսից։ Լույս է տեսել նույն թվականի հունիսի 22-ին։

Հրապարակված է Մելիքզադե ստորագրությամբ։

Արտատպված է «Մշակից» 1878 թ., № 102, էջ 2։

Ի՞ՆՉ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԵՏՔ ԵՆ ՏԱՃԿԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ (ԷՋ 306)

Այս հոդվածը գրված է Բեռլինի վեհաժողովից հետո, երբ արևմտյան պետությունները «Հայոց հարցը» դարձրել էին ներքին գործարքների ու թալանչիական ձգտումների հետապնդման միջոց, աճուրդի դնելով մի ամբողջ ժողովրդի ազգային գոյության հարցը։

Ահա այդ օրերին է, որ Րաֆֆին հրապարակում է «Ի՞նչ վերանորոգումներ պետք են տաճկական Հայաստանին» վերնագրով հոդվածը։ Այստեղ Րաֆֆին դնում է կյանքի ու կայքի և իրավունքի ապահովության խնդիրը՝ միաժամանակ ազգային միավորման կոչ անելով։ Նա պահանջում է վերացնել հողի կալվածատիրական օրենքը և այն հանձնեք իր իսկական տիրոջը՝ գյուղացուն։

Հոդվածը գրված է 1878 թվականի սեպտեմբերին, Ագուլիսում, տպագրվել է նույն թվականի սեպտեմբերի 22-ին։ Երկրորդ անգամ այն հրատարակվել է 1895 թվականին, Աննա Րաֆֆու կազմած «Տաճկահայք» ժողովածուում, ինչպես նաև տեղ է գտել նույն ժողովածուի երկրորդ՝ վիեննական հրատարակության մեջ։

«Մշակում» հրապարակված է Մելիքզադե ստորագրությամբ։

Արտատպված է «Մշակից», 1878 թ., № 162, 183։

ՀԱՅԴՈՒԿՆԵՐ (ԷՋ 316)

Ռուս-թուրքական պատերազմից հետո քաղաքական նոր դեպքերի ազդեցության տակ Րաֆֆին իր ձեռքն է առնում «Կայծեր» վեպը, վերամշակում է այն և ցանկանում հրատարակել «Հայդուկներ» վերնագրով։ Այս նպատակով նա