Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ի՞նչ ձայն կարող է լինել այնքան ազդու, քան թե մի երգ, որ հնչեցնում է ժողովրդին նորա ցավերը, նորա սրտի տխուր կամ ուրախ զգացմունքները։

Հայերն, իբրև արևելցիք յուրյանց տաք երևակայությամբ, որպես է նոցա շրջապատող բնությունը, սաստիկ հակումն ունեն դեպի վեպեր և դեպի ֆանտազիան առհասարակ։ Տեսնում ենք, թե քանի ախորժանոք նոքա լսում են աշուղների «հեքիաթները» և որքան սիրով կարդում են «Պղնձե քաղաքի» հիմար առասպելները, կամ Խիկար իմաստունի խրատները։ Աբովյանի «Վերք Հայաստանին» թեև նա գրված է մի գավառի ժողովրդական բարբառով, որ մատչելի չէր ընդհանրությանը, թեև յուր կրկնությունների ճոխությամբ մինչև անգամ ձանձրացնում է, այսուամենայնիվ` ամեն հայ սիրում է այդ գիրքը և կարդում է նորան։ Ուրեմն, բոլորովին անտեղի է մտածել, թե հայերը ընթերցասեր չեն։ Մեղավորքը մեր գրագետներն են, որ նորանց մտավոր սնունդ չեն մատակարարում։

Այդ շարժառիթներն էին, որք խրախուսեցին «Փունջի» հեղինակի վստահությունն յուր ավելի քան տասը տարվա աշխատությունները զանազան հատորներով ի լույս ընծայել։ Թեև այդ մեր կողմից մի հանդգնություն էր, փույթ չէ, միշտ պատերազմողների առաջին շարքը ընկնում են։ Եթե մի օր հայոց հողի վերա կծնվեին Գյոթեներ, Շիլլերներ և Շեքսպիրներ, թող նոքա մեզ նման անձնավստահների ավերակների վերա բարձրացնեն յուրյանց գեղեցիկ և հսկայական շինվածքը։

Հանճարներն և տաղանդներն ավելի զարգացած հասարակական կյանքի արտահայտություններ են։ Թեև ես դրեցի հանգավոր տողեր, բայց, սիրելի ընթերցող, դու իմ չոր ու ցամաք և անտաշ երգերիս մեջ չես գտանելու ոչինչ բանաստեղծական։ Նոքա զուրկ են այն գեղարվեստական վսեմությունից, որով մուզաների սիրելին ստեղծագործում է յուր հորինվածքը։ Բայց ես ներկայացնում եմ քեզ մի ալբոմ, ուր դու կտեսնես զանազան այլանդակված պատկերներ` յուրյանց բարոյական և մտավոր տգեղություններով,— դոքա մեր հասարակական կյանքի տիպերն են։ Իսկ իմ երգերն` արձագանք են դառն հառաչանքի...

Գուցե ոմանք կդատապարտեն մեր բացասական ուղղությունը, չնկատելով որևիցե ուրախալի երևույթ մեր ներկայացրած պատկերների մեջ։ Բայց թող մեր անձնախաբեությունը չմոլորեցնե մեզ, մենք ուրախալի ոչինչ չունենք։ Հազիվ նշմարվող լուսավոր