Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արեգակի լուսով. այդ միակ տեղն է, ուր հաճախ կարելի էր տեսնել գյուղացի աղջիկներին։ Գովում է նորա ժրությունը, որ երկու սափոր միասին շալակն առած, գալիս էր աղբյուրից ջուր տանելու։ Նորա մեջքի նրբությունը նմանեցնում է յուր խենջարի բարակ կոթին, իսկ նորա կուրծքի սպիտակությունը մածունի։ Նորա ընթացքը նմանեցնում է ոչխարների շորոր տալով ճեմելուն։ Եվ արդարև, ուրիշ ի՞նչ գեղեցիկ համեմատություն կարող էր գտնել մի խաշնարած ժողովրդի որդին, քան խենջարը, որ յուր անձի պաշտպանն է, քան մածունը, որ նորա սիրելի կերակուրն է, քան ոչխարը, որ նորա հարստությունն է։ Բնության այլ գեղեցկությունները նորա համար զգալի չեն։ Յուր նպատակին հասնելու համար, սիրած օրիորդն յուրյան կին ունենալու համար, հերոսը մտածում է գործ դնել երկու միջոցներ միայն, կամ փախցնել աղջկան յուր ալ նժույգով և կամ նորա հայրը, եթե հարյուր ուզելու լինի, փոխարենը հազար վճարել և առնել աղջկան։ Փոխադարձ սերն այս հանգամանքում տեղիք չունի։ Ծնողքների կամայականությունը ստիպում է սիրողներին այդպիսի միջոցների դիմել։

Դառնալով դեպի այդ երգերի գրականական նշանակությունը, մենք այդքանը կասենք, որքան այդպիսի ժողովրդական երգերը կազմված լինեին կոշտ-կոպիտ կերպով, որքան նոքա զուրկ լինեին արհեստական գեղեցկությունից, այսուամենայնիվ, նոքա դարձյալ նշանավոր են, որպես մի անզարգացած, դեռ յուր տղայության մեջ ապրող ժողովրդի երեխայական-անկեղծ թոթովանքը, որ բխում է նորա սրտից և նորա կյանքից։

Մի ազգի կամ մի ժողովրդի բարոյական և մտավոր պատկերն ավելի ճշտությամբ երևում է նորա բանաստեղծության մեջ. կամենում ես ճանաչել նորա հոգին, կարդա նորա երգերը։

Մշեցվոց և վանեցվոց երգերի մեջ ընթերցողը տեսնում է ոչ թե երևակայական էակներ, այլ մի կենդանի ժողովուրդ, թե որպես ապրում է նա, որպես մտածում է, զգում է, վերջապես որպես սիրում է նա։ Այդ իսկ հատկանիշն է ժողովրդական երգերի։

Մինչև այսօր տպված աշըղ Շիրինի, Նիրանու, Ադամի և այլ դոցա նման երգերը չէ կարելի կոչել բուն ազգային կամ ժողովրդական։ Նոքա որիշ բան չեն, եթե ոչ կուրորեն հետևողություն պարսից կամ թուրքաց մուխամազների ձևերին։ Բայց մշեցվոց և վանեցվոց երգերի մեջ կա ինքնուրույնություն, կա մի ժողովրդի հատկանիշ, բնավորություն։