Jump to content

Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ


Մազը coiffe, զգեստը նորաձև,
Փողպատ թանկագին, մատնի ու շատ զարդ.
Խոսուածքը հաշուած, ծանր, բարեձև,
Ա՜խ, ինչպէս սիրուն ես, հայ երիտասարդ։
Սիրուն ես, ղորդ է։ Բայց ես գլխուդ վա՜յ,
Տեսնելով որդուդ, կուտամ քեզ, խե՜ղճ հայ։
Ընտիր ու ազնիւ դու ունիս ճաշակ,
Թանկագին ձիէդ կապշի ամեն մարդ,
Շիտակ Վեննայեն բերած է քու կառք,
Bon ton֊ով կապրիս, հայ երիտասարդ։
Նուրբ ճաշակ ունիս։ Բայց ես գլխուդ վա՜յ,
Տեսնելով որդուդ, կուտամ քեզ, խե՜ղճ հայ։
Ռոստօվի պարտեզ... խաւարչտին գիշեր....
Ուրիշ կերպ սոխակ ու թառամած վարդ......
Մեծածախ ընթրիք... գինիի շիշեր......
Քէ՜ֆ արա, քէ՜ֆ, իմ հայ երիտասարդ։
Երանի քեզի։ Բայց ես գլխուդ վա՜յ,
Տեսնելով որդուդ, կուտամ քեզ, խե՜ղճ հայ։
Ի՞նչ է պէտք թատրօն, լըրագիր, ուսում,
Երբ կան առջևըդ պիլիառթ ու քարթ.
Աննշան խոսքեր «ազգի զարգացում»,
Դուն քէֆդ նայէ, հայ երիտասարդ։
Միշտ ուրախ եղիր։ Բայց ես գլխուդ վա՜յ,
Տեսնելով որդուդ, կուտամ քեզ, խե՜ղճ հայ։