Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԺՐԱՋԱՆ ՏՂԱ



Տըղան սիրում է ձեզ շատ, արեգակ,
Դաշտ ու պարտեզում ճըռվըռող թըռչնակ,
Ճյուղերից կախ-կախ պտուղներ հասուն
Բայց ձեզնից ավել պիտ սիրե ուսում։

Ուրեմն թողեք, նախ դըպրոց երթա,
Ընկերների հետ դասերը նա տա,
Եվ երբոր յուր սուրբ պարտքը կատարե,
Որքան որ ուզե` թո՛ղ նա ձեզ սիրե։

Այնուհետև ցոլա՛, պայծառ արեգակ,
Այնուհետև երգե դու նախշուն թռչնակ,
Ու անուշ համը հասուն պըտուղին.
Թող լինի վարձը ժրաջան տըղին։