Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ուրա՛խ լեր երիտասարդ ՛ի մանկութեան քում»
Ժողով.ժա. 9.
Տղա՛, եղի՛ր ուրախ ու բարի,
Ժամ ու օրերըդ կանցնին հանաքով,
Ճամփադ չի լինիլ բըսած տատասկով,
Ամեն քու իղձըդ շուտ կը կատարի։
Տղա՛, եղի՛ր դու ուրախ ու բարի,
Քիչըդ կերևի քեզ միշտ ու միշտ շատ,
Հընոտիդ էլ քեզ կերևի ճոխ զարդ,
Ամեն կարիքըդ շուտ կը կատարի։
Տղա՛, եղի՛ր դու ուրախ ու բարի,
Դըժվար չերևիլ քեզ աշխատանքը,
Չի տանջիլ կյանքի քեզ տառապանքը,
Սրտիդ բաղձանքը շուտ կը կատարի։
Տղա՛, եղի՛ր դու ուրախ ու բարի,
Լըքած չես մընալ դու այս աշխարհում,
Շնորհներ շատ կան Աստուծո ձեռքում,
Քու ջերմ աղոթքը շուտ կը կատարի։
|
|