Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուղարկեցի Հայաստան, որովհետև պահանջել էին մի քանի նոր մարդիկ։ Ի՞նչ կլինի հետևանքը` կիմանաս, երբ որ նոցանեն պատասխան ստանամ։ Առայժմ ուղարկում եմ ներածությունը իմ նոր բանաստեղծության, որ տակավին միայն մտքումս է ավարտած, այսքանը կարդալով, գուցե կհասկանաս իմ բռնած ճանապարհը ազգային բանաստեղծության։ Իմ Քյոռօղլուն հայ է, բայց ինձ հայտնի պատճառներով նա ուրանում է հայոց հավատը։ Ես մտադիր եմ դրա մեջ իմովսանն կենդանացնել հայոց անկախության դարու վերջին նշույլները, մելիքներ ու (որոնք մեր նախարարաց ցոլացած պատկերն են) կյանքը, նոցա առտնին և քաղաքական գործունեությունը, նոցա իրար մեջ ունեցած երկպառակությունը, կամենում եմ ազգի հասկանալի միջոցովն պատմել նոցա։ Քանի որ չէ սկսվել իմ դյուցազնի վարքը՝ գրե քու դատողությունը այս ներածության ոճի և պատմվածքի վրա. այսպե՞ս է խոսում աշուղը, թե այլազգ։ Իմ դյուցազնը յուր նվիրական իդեայի համար զոհում է մարդուս ամենաթանգ սրբությունը-կրոնը. դրա մեջ ես ուզում եմ երկու տարերք միավորել՝ աստվածատուր քանքար, վեհ հոգի, նուրբ հայրենասիրություն և սխալ սկզբունք բարոյականության, դրան կանեմ ես զոհ յուր ազնիվ իդեային, միևնույն ժամանակ չեմ մոռանալ, որ դա 16 դարու որդի է...»։ Պոեմի N 399 ինքնագիրը կից նամակով, գրած հավանաբար նույն 1859 թ. հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին, նորից ուղարկված է Գ. Քանանյանին։ Նամակում բանաստեղծը հարկ է համարում բացատրել և հիմնավորել պոեմը բարբառով գրելու շարժառիթը։ Նկատի ունենալով այդ բացատրության խիստ կարևոր լինելը Պատկանյանի նպատակադրումը հասկանալու տեսակետից, հարկ ենք համարում այն մեջ բերել. «Ահա, սիրական Գևորգ, մեր դյուցազնի վարքի շարունակությունը, ներե, որ ես կանգնեցա իսկ այն տեղը, երբ որ դու թերևս սպասում էիր տեսնել նրան յուր բոլոր հասակովն հանդիսացած քու առջև. ավա՜ղ, դյուցազունը տարիներով են աճում, սունկերն են միայն առավոտ բսնում՝ իրիկունը՝ թառամում, որդնոտում։ Ուրեմն, մի՛ շտապեցնուր ինձ, որ իմ դյուցազնը կենդանի մարդ դուրս գա և ոչ անշունչ արձան։ Մեկ նկատմունք ես քեզ անեմ, որ ապագայումն ազատեմ մեզ այն հարցմունքներից, որ մարդիկ անշուշտ անելու են։ Իմ այս անգամվա գրվածքիս մեջ խիստ առատ են պարսկի և տաճկի բառերը, դու, իհարկե, իմ դիտավորությունը հասկանում ես։ Բայց մարդիկ չեն հասկանալ, և իհարկե նրանց չհասկանալը` զենք պիտի տա մեր ոսոխներուն. ինչպե՞ս ես դու պաշտպանելու, արդարացնելու քու բարեկամին. էդ խո մեղալամ կքարկոծեն մեզի թե մոլամիտ հայերը և թե սուտ ազգասերքը, թեև վերջինքը հասկանան ևս մեր խորհուրդը։ Եղբայր սիրական, դու պիտի իմանաս, որ մեր Քյոռօղլուն կենդանի պատասխանն է այն հաճախ կրկնված գանգատներուն, որ մենք անդադար լսում ենք կես գրագետ հայերուս բերնեն, թե հայոց աշխարհիկ լեզվով անհնարին է որպես և իցե վերացական միտք հայտնելու։ Ես շատերուն երես առ երես աշխատել եմ հասկացնելու, թե երբ գաղափարը որոճած է մարդուս մըտքումը՝ արտահայտելու համար պատե-պատ ընկնելն ավելորդ է, եթե միայն մենք ի մոտո գիտենք այն ազգի ոգին և լեզուն։ Կես գրագետներն ինձ ասում էին, թե միակ հնարն է բառ առ բառ թարգմանել օտարի լեզվեն և այդ օտարոտի դարձվածները աշխատել բռնաբար սեփականել տալ ժողովրդին, ես անհամաձայն էի այդ անհիմն կարծիքին, բայց և հնար չունեի նրանց կարծրացած ուղեղի մեջ հեղափոխություն անելու։ Այդ և դրա նման խորհրդածությունների հետևանքը եղավ, որ ես հանձն առի գրելու Քյոռօղլուն, որո լեզուն գիտությամբ ընտրեցի ամենաաղճատածը, գրեթե