Jump to content

Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Չկարծեմ, որ դա մի կծու բան լինի այժմվա մարդոց համար և կասկածելի պարունակությամբ. ընդ հակառակն մեր հոգևոր հարք պարծենալով կարող են ցույց տալ, թե ինչպես ամեն ժամանակ սիրելի են նոքա յուրյանց ավանդած հոտին-ժողովրդին։ Իսկ ինքը Մրուսը, առանց երկբայության, մտացածին անձն է, որ իրոք, ինչպես պատմությունից մեզ հայտնի է որ, ոչ եղել է, ոչ կա և ոչ լինելու է։ Բայց անձնավորած Մրուսներ ոչ միայն մեր ազգի մեջ, այլ և ամեն ազգի մեջ եղել են, կան և լինելու են, և բարեմիտ մարդիկ նոցա սատանայական դեմքերեն դիմակը հանելու երբեք վախեցած չեն։ Ուր թույն, անդ և դեղթափ, ասում է ուսումնական (?) առածը։ Բայց եթե կամենա Պայծառափայլությունդ ասածիս հաստատությունը խնդրել` պետք եղած ժամանակը ես պատրաստ եմ ապացուցանելու թե այն ոտանավորի հին շարադրություն լինելն և թե նորա անվնաս ազգի ընթերցանության համար, որ գլխավորն է` ոչ հակառակ տերության և գրաքննչական կանոններին։ Անհայտ չէ Պայծառափայլությանդ, որ մի ժամանակ Մուսան պահ էր տվել ինձ յուր քնարը. այդ միջոցին պարապո ժամերս նվիրել էի այդ նվագարանին, և ասում են թե այժմ փոքր ինչ հաջողակ եմ թեթև piece-ներումն։ Ահա իմ թույլ լարերից հանած մի քանի accord֊ներ. եթե հավանիք` տպեցեք, թե ոչ В леты будь»: Նամակին հետևում է «Ծեր այր» («Բռնի պսակ») բանաստեղծությունը։ Ըստ երևույթին այս նամակի առիթով են գրված Մ. Նալրանդյանի «Հիշատակարանի» («Հյուսիսափայլ», 1859, N 1, էջ 79) հետևյալ տողերը. «Դարձյալ մի այլ նամակ ստացա պ. Գամառ-Քաթիպայից (Ս. Պետերբուրգից), որ մեղադրում է ինձ, թե ինչու համար, նորա ուղարկած մի ոտանավորը չէ ընկել Հյուսիսափայլի մեջ, և թե ինչո՛ւ մի գրավոր տեղեկություն չեմ տվել նորան չտպվելու պատճառի մասին։ Պիտի իմանալ, որ ես Հյուսիսափայլի հրատարակողը չեմ, և ո՛չ նորա գլխավոր աշխատակիցը, ես պատասխանատու եմ այն բաների մասին, որ պիտի ընկնեին Հիշատակարանիս մեջ։ Իսկ Հիշատակարան ձգել ամենայն բան, նույնպես չեմ կարող, ըստ որում, ինչպես վաղուց հայտնել եմ ձեզ, պատվելի ընթերցողը, մի հորեղբայր ունիմ, որ միշտ քննում է իմ բոլոր առանձնական գրվածքս անգամ։ Իմ անունով ուղարկված, բայց անմիջապես Հյուսիսափայլի մեջ տպվելու գրվածները ես ուղարկում եմ պ. Հրատարակողին, ինչպես պ. Գամառ֊Քաթիպայի և մի քանի նոր ոտանավորքը, որ վերոհիշյալ նամակով ուղարկել էր ինձ, ավելի ոչինչ չեմ կարող առնել, իմ ձեռքում ոչինչ չկա։ Իսկ ինչ֊որ վերաբերում է Հիշատակարանիս, այո, այդ այլ բան է, այդտեղ ես իմ Հիշատակարանի անմիջական տերն եմ. միայն խնդրում եմ ամեն մի մարդուց, որ խնայեն իմ Հիշատակարանը և բան ուղարկելու ժամանակ, աշխատեն այնպիսի բան ուղարկել, որ և յուրյանց, և ինձ և պատվելի ընթերցողներին ժամանակի զուտ կորուստ չլինի»: Այս բացատրությունից եզրակացնելով, որ «Հյուսիսափայլը» մտադիր չէ տպագրելու իր բանաստեղծությունը, Պատկանյանը, Պետերբուրգից գրած նամակում Գևորգ Քանանյանին (ՌՊֆ, N 398) խնդրում է Նազարյանից հետ վերցնել «Դև Մրուսը»։ «...Նազարյանցին ուղարկել էի մի քանի ոտանավոր, որ նա չի տպեց, եթե դիպված ունես նրան տեսնելու կամ ձեզնեն մեկը` առեք, խնդրեմ, իմ Մրուս անունով պարերգությունս (баллада) ։ Հուսամ որ դու իմ խնդիրքը կկատարես, ինչպես և ես պատրաստ եմ քուները կատարելու...»։