Jump to content

Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1859



ՔՅՈՌՕՂԼՈԻ



Վիպասանություն



(Անկատար)



ՆԱԽԵՐԳԱՆՔ



Ակա՛նջ արեք, թարիֆ անեմ Քյոռօղլուի քաջ արարքը,
Քյոռօղլուին շատ են սիրել մեր սլապերը ու մեր հարքը.
Ո՞վ չըգիտի Քյոռօղլուի անմահական գործքն ու բարքը,
Մինչ էս օրըս աշուղները մեջլիսի մեջ նըրա վարքը
Պատմելով՝ մոռացնում են լըսողներուն դիփ աշխարհքը։
Մայիսի բըլբուլ էին նըրա չունգրի անուշ լարքը,
Նըրա նետը ղանադ ուներ՝ դուզ հասնում էր մինչ ամպերը,
Նըրա թուրը ադամանդի՝ կըտորում էր արկաթները,
Հայելու պես պըսպըղում էր նրա հատու սուր խանջերը,
Ի՞նչ է ժանգը՝ չէին խաբար նրա զենք ու զրահները.
Մինչ էս օրըս սարսափում են սուլթանի խեղճ նոքարները,
Հիշելով Քյոռօղլուի անցած գընացած արարքը։
Նըրան անկեղծ սիրում էին հայը, թուրքը ու պարսիկը,
Թե դուշմանը, բարեկամը, ջահել տղեն ու աղջիկը.
Սըխրագործությանը նըրա ու մեծանձնության խաբրիկը
Բարձր Յալբուզ սարից բռնած` անցել էին մինչ Հնդիկը,
Հազար հոգի անջաղ ուներ նըրա հեծվոր քաջ գընդիկը,
Աշխար կաներ տակնուվըրա, թե չէր խավրել շուտ աստղիկը։
Անկա՜ջ արեք քյոռ աշուղիս` ձեզ հրաշալի բան եմ ասում,
Ջահել տըղե՜րք, լա`վ ուշք դըրեք՝ զարմանալի բան եմ ասում,
Սիրուն կուսանք, լավ միտք դըրեք, արտասվելի բան եմ ասում,
Հարգո ծերեր, ինձ լըսեցե՛ք, ձեր պապերու բանն եմ ասում,
Հայ քրիստոնյայք, ազգի իշխա՛նք, խորհրդավոր բան եմ ասում,
Ուշկով, միտքով անկաջ դըրեք, ձեզ ամենիդ բան եմ ասում։