Jump to content

Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ


1858




ԴԵՎ ՄՐՈԻՍ


(Ազգային ավանդություն)




Այդ ի՞նչ շփոթ, ի՞նչ աղմուկ, հուսակըտուր վայ ու լաց
Առհասարակ տիրել է Տարտարոսի զավակաց.
Ավերվե՞լ են Գեհենի այն պարիսպքը սարերե.
Ջախջախվե՞լ են շըղթայքը ադամանդյա քարերե։
Թե՞ Ստիքսը ցամքել է, թե՞ Աքերոնն է հիվանդ,
Թե՞ Կերբերի տեսիլքը ծերութենեն այլ չէ ժանտ։

Ո՛չ, գեհենի պատերը պինդ, անխախուտ են կանգնած,
Ոչ շըղթայքն են ջախջախվել և ոչ Ստիքսն է ցամաքած.
Առաջվա պես Կերբերը դուռը արթուն է պահում,
Աքերոնը անցուդարձ նավով Ստիքսն է անում։
Այդ փանաքին առթերեն չէ՛ Գեհենի աղմուկը,
Այդ փանաքին առթերեն չէ՛ դևերու լաց սուգը։

Դըժոխքի մեջ դահլիճ կա-խորհըրդարան է չարաց,
Յոթն աթոռի մեջտեղը կըլոր սեղան է դըրած,
Թվով յոթն են բազմականք` յոթն մեղաց համարավ,
Մին մինի մոտ լուռ ու մունջ տըխուր նըստած են կարգավ։
Թեև լուռ են, բայց անխոս խորհուրդ խորհին չարերը,
Թե խորհուրդը գործ դառնա կը կործանվին սարերը...

(Եղբա՛րք, ասաց վերջապես Բեհեղզեբուղ ծերունին,
Ձեր ցանկությամբ և կամոք ես այց ելա մեր երկրին,
Ինչ կար չըկար նորա վրա՝ ամեն աչքե անցուցի,
Բոլոր տեսածս ու լըսածս` մանրամասն գրեցի.
Իմ գըրվածքի մեծ մասը վաղուց եմ գրով հաղորդել,
Մընացորդը ուզում եմ բերանացի Ձեզ պատմել։