Նա քաջ գիտեր, որ հայը հանուն իր սուրբ հավատին
Միշտ պատրաստ է զոհելու գանձը, տունը և որդին.
Ավանդության մըտերիմ իր պաշտելի հին նախնյաց՝
Համհավասար սըրբերուն հարգում է հոգևոր հարց.
Ուստի` հագավ ֆարաջա, աջ ձեռումը գավազան,
Տերողորմյան ձախումը, այսպես մըտավ Հայաստան։
Սա իր ճերմակ մազերով ու բընութքովը խոնարհ,
Ծըռած վիզով, հեզ դեմքով ու մարմնովը նիհար
Շուտ գըրավեց ամենի խելքը, միտքը ու հոգին.
(Այսպես միշտ հեշտ խաբվել է հայը ձևով արտաքին)։
Դև Մըրուսի հռչակը` Սուրբ Գրիգորին հավասար,
Ծավալեցավ, սըփռեցավ ամեն հեռավոր աշխարհ։
Արդ` Մըրուսը ի՞նչ արավ։ Նա իր խոսքը կատարեց,
Տարտարոսի երկյուղը տասը տարում փարատեց.
Ուր որ դրրեց իր ոտքը` աղմուկ դարձուց ամեն տեղ,
Հորն ու որդուն կըռվեցուց, ինքը մընաց միշտ անմեղ,
Անթիվ կասկածանք ցանեց նա միամիտ սըրտերում,
Սեր ու հաշտության տեղը թողեց նախանձ, չարություն։
Հայք իրարմե հեռացան, առանձնություն սիրեցին,
Ձանձրությունը ու վիշտը շատ մոլությունը ծընուցին,
Զվարթ բարքը առաջվա իսպառ կորավ հայերից,
Ուրախության սիրո երգ հատավ նոցա բերանից։
Եղբա՛րք, ինչո՞ւ տիրել են մեզ այսքան վիշտ, այսքան ցավ,-
Էնդուր համար, որ մեր մեջ Մըրուս-Դևը հայտնեցավ։